ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈՒՀԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ
22.05.2015; www.armworld.am
Վերջերս քաղաքաշինության նախարարության կոլեգիայի նիստում ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի՝ Երեւանի մի քանի բուհ Գյումրի տեղափոխելու առաջարկը արժանացավ որոշ արվեստագետների, ճարտարապետների ու բուհերի ներկայացուցիչների քննադատությանը:
Ասվեց, թե առաջարկն իրատեսական չէ եւ ոչ էլ նպատակահարմար է մասնավորապես երեւանցիների համար: Ուշագրավ է, որ բոլոր հակափաստարկներում դրանց հեղինակները առաջնորդվում են ոչ թե պետական, այլ սեփական շահերով եւ միմիայն Երեւանում ապրող ուսանողների ու դասախոսների օգտին են խոսում:
Այն, որ Երեւանի կենտրոնը քաղաքաշինական առումով չափից ավելի է ծանրաբեռնված, փաստ է: Իսկ դա քաղաքում լուրջ խնդիրների առաջացման պատճառ է դարձել, ինչպիսին, օրինակ, «պիկ» ժամերին տրանսպորտի ծանրաբեռնվածությունն է, մայրաքաղաքը մեքենաների արտանետումներով աղտոտելը, անհաշիվ շենքերի առկայությամբ քաղաքի սեյսմիկ հավասարակշռությունը վտանգելը եւ այլն:
Ի դեպ, Գուրգեն Մուշեղյանը նշեց նաեւ դեռ խորհրդային տարիներին կառուցված բուհական շատ շենքերի ոչ սեյսմակայուն լինելու մասին, ինչը նոր շինություններ կառուցելու անհրաժեշտություն է առաջացրել: Եվ քանի որ պետական միջոցները նման ծրագրեր իրականացնելու համար սուղ են, ուստի ճարտարապետի առաջարկով նախատեսվում է հին շենքերը օտարել մասնավոր կազմակերպությունների՝ նրանց պարտավորեցնելով համապատասխան մարզում այնտեղ հաստատված բուհի համար նոր, ժամանակից չափորոշիչներով շենք կառուցել:
Ինչեւէ, ճարտարապետի առաջարկը նաեւ համախոհներ ունի, ովքեր կարեւորում են այն նախ՝ մարզերը, մասնավորապես Գյումրին զարգացնելու, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնը բեռնաթափելու տեսանկյունից:
Ճարտարապետ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԸ ամեն մի առողջ քննադատություն ընդունելի է համարում եւ ասում, որ ներկայացված առաջարկը միայն այդ քննադատությունների ու զանազան քննարկումների միջոցով կարող է վերափոխվել ու իրատեսական ծրագիր դառնալ. «Առաջարկը դեռ չի նշանակում, թե վաղը եւեթ կյանքի են կոչելու: Այն դեռ պետք է քննարկվի, միայն թե Գյումրիի ապագան տեսանելի դարձնելու եւ Երեւանը բեռնաթափելու համատեքստում:
Այսինքն՝ քննարկումներն ու քննադատությունները ինքնանպատակ ու միակողմանի չպետք է լինեն, պետք է հաշվի առնել, թե իրագործելու դեպքում ինչ տնտեսական, բարոյական, քաղաքաշինական խնդիրներ կարող են առաջանալ, որքանո՞վ է այն նպատակահարմար Գյումրին զարգացնելու, տարաբնակեցնելու, ինչպես նաեւ խիստ ծանրաբեռնված Երեւանը բեռնաթափելու համար եւ այլն»:
Ճարտարապետը կարծում է, որ պետք չէ թուրութվանքով ընդունել որոշ բուհեր Երեւանից տեղափոխելու առաջարկը. «Մենք սովորել ենք ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնել, այն էլ՝ Երեւանի սրտում: Եվ հիմա մեզ համար խորթ է, որ երեւանցի ուսանողը կամ դասախոսը ժամանակավորապես կամ մշտապես բնակվի այլ մարզում, քանի որ իր ընտրած բուհն այնտեղ է գտնվում: Բայց աշխարհում այդպես չէ: Զարգացած երկրներում բուհերը տարբեր քաղաքներում են տեղակայված: Դրանք ավելի շատ ուսանողական քաղաքների են նմանվում, որտեղ ապրում են ուսանողներն ու դասախոսները իրենց ընտանիքներից հեռու: Այդ մոդելը հարկավոր է նաեւ Հայաստանում կիրառել»:
Ճարտարապետը նաեւ զարմանում է՝ մեր երեխաներին ազատորեն ուղարկում ենք եվրոպական որեւէ բուհում ուսանելու՝ չվախենալով հեռավորությունից ու օտար միջավայրից, մինչդեռ չենք ուզում, որ նա Գյումրիում սովորի: Նրա կարծիքով, դա անհեթեթ կարծրատիպ է, որ հարկավոր է կոտրել:
Ի վերջո, ըստ ճարտարապետի, Երեւանից բնակչության որոշ մասին մարզեր տեղափոխելով՝ քիչ թե շատ կապահովվի մարզերի հավասարաչափ բնակեցվածությունը եւ անվտանգությունը: Մինչդեռ շատ մարզեր ամայացման եզրին են հայտնվել. «Բնակչությունը կուտակվել է Երեւանում, իսկ մարզերը դատարկվում են: Շատ սահմանամերձ մարզեր, որոնք մեզ համար երկրի դարպասներ են, ամայանում են՝ դառնալով խոցելի արտաքին վտանգների, սպառնալիքների նկատմամբ:
Օրինակ, Սյունիքի բնակչությունն այնքան է քչացել, որ այդ մարզը կարելի է անմարդաբնակ համարել: Բայց այդ տարածքը ռազմավարական առումով շատ կարեւոր է մեզ համար: Այն մեր երկրի հարավային դարպասն է: Ուրեմն այս կամ այն առաջարկը քննարկելիս պետք է նախ հաշվի առնվեն երկրի համար կարեւորագույն, գերակա խնդիրները»:
Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ նշում է, որ քննադատության պատճառը թերեւս առաջարկը մինչեւ վերջ չընկալելն է, թյուրըմբռնումը. «Առաջարկի դեմ խոսողները կարծում են, թե մտադրություն կա Երեւանը ազատել բուհերից: Իրականում ամբողջ նպատակը թե՛ Երեւանի, թե՛ մարզերի վիճակը բարելավելն է, Երեւանը բեռնաթափելով՝ մարզերը բնակեցնելը, ինչպես նաեւ մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները լուծելը, բայց ոչ բոլոր բուհերը մարզեր տեղափոխելով:
Քաղաքաշինության նախարարության կոլեգիայի նիստում խոսվել է ընդամենը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյումրի տեղափոխելու մասին: Դրանք պատահաբար չեն ընտրվել: Ագրարային համալսարանի առկայությունը մայրաքաղաքում, որտեղ գյուղատնտեսական միջավայր չկա, եւ ուսանողը տեսական գիտելիքներից բացի ոչինչ չի կարող ստանալ, աննպատակահարմար է:
Ինչ վերաբերում է ֆիզկուլտուրայի ինստիտուտին, այն շատ խղճուկ վիճակում է Երեւանում, չունի համապատասխան մարզադաշտեր եւ մարզիկներին ուսանելու այլ հարմարություններ: Նոր շենքում այդ ամենը կներառվի: Բացի դրանից, մեր մարզիկների զգալի մասը Գյումրիից են, եւ ավելի նպատակահարմար է, որ այդ ինստիտուտը հենց այնտեղ տեղակայվի»:
Ճարտարապետը հավաստիացնում է, որ մարզաձեւերով զբաղվելու համար անգամ Երեւանի բնակլիմայական պայմանները՝ օդը, մթնոլորտային ճմշումը, նպաստավոր չեն, ինչը չի կարելի ասել Գյումրիի մասին:
Նրա կարծիքով, առաջարկը նաեւ Գյումրին զարգացնելու հեռանկարային ծրագիր կարող է դառնալ: