Ի վերջո պետք է աղետի գոտու էջը փակենք. Նարեկ Սարգսյան
20.05.2015; www.panorama.am
«Ի վերջո պետք է աղետի գոտու էջը փակենք»,- այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե երբ է լուծվելու երկրաշարժից տուժած լոռեցիների բնակարանների հարցը:
Մասնավորապես, Զ.Փոստանջյանն ասաց, որ Վանաձորի Սանկտ Պետերբուրգ թաղամասի և Գուգարք համայնքի էներգակիրների տնակային ավանի բնակիչները ՀՀ կառավարությանն առաջարկում են իրենց հնարավորություն տալ, որպեսզի կամ սեփականաշնորհեն իրենց տնակները, կամ էլ համապատասխան բնակարանով իրենց ապահովեն:
«Իրենց մոտ զայրույթ է առաջացրել այն, որ Կառավարությունը 1.5 մլն դոլարի բնակարաններ է գնել տարբեր պաշտոնյանների համար, ինչը, ըստ բնակիչների, արդար չէ, քանի որ երկրաշարժից հետո նրանք բնակվում են տնակներում և հնարավորություն չունեն դրանք սեփականաշնորհել: Մինչդեռ կառավարությունը տարբեր պաշտոնյանների բնակարաններ է նվիրում»,- ասաց պատգամավորը:
Քաղաքաշինության նախարարն ասաց, որ այդ կարգի խնդիրները շատ են, իրենք բազմաթիվ նամակներ են ստանում հատկապես վթարային շենքերի հետ կապված: Նրա խոսքերով՝ հանրապետությունում կա երրորդ կարգի վթարայնության 450 շենք, որից 100-ը Երևանում, 100-ը Վանաձորում, 100-ը՝ Գյումրիում: Այդ խնդիրների լուծման համար, ըստ Ն.Սարգսյանի, ահռելի միջոցներ են հարկավոր:
Նախարարի խոսքերով՝ Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի լուծի աղետի գոտու բնակարանների խնդիրը: Առաջիկայում քննարկելու են նաև Լոռու մարզի 200 գյուղական ընտանիքների խնդիրը, բացի այդ, զգալի աշխատանք է տարվել Գյումրիի խնդիրները լուծելու ուղղությամբ: «Ի վերջո այդ էջը պետք է փակենք: Այս տարի ևս կառավարությունը նախատեսում է 1.5 մլրդ դրամ հատկացնել, որպեսզի երկրաշարժից տուժածների բնակապահովման խնդիրը Գյումրիում լուծվի»,- ասաց Ն.Սարգսյանը:
Հաջորդ տարի, ըստ նրա, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում նույնպես կիրականացվեն համանման ծրագրեր:
Ինչ վերաբերում է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանին, Ն.Սարգսյանն ասաց, որ իրենք առաջիկայում մարզային այցի շրջանակներում կլինեն վերոնշյալ թողամասում և տեղում կուսումնասիրեն խնդիրը: Ըստ նրա՝ այդ թաղամասի տնակները կառուցվել են փոսերի վրա, հիմա պետք է հասկանան, թե տեխնիկական ինչ լուծումներ են հարկավոր. «Որոշակի աշխատանք կատարելուց հետո միայն կարող եմ պատասխան տալ, բայց ամեն ինչ կախված է հաջորդ տարվա բյուջեի հնարավորություններից»:
Զ.Փոստանջյանն առաջարկեց իրեն էլ տեղակացնել այդ այցի մասին, որպեսզի ինքն էլ այնտեղ լինի. «Այդ ժամանակ ձեզ այլընտրանք կառաջարկեմ»: