ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.05.2015

ԳՅՈՒՄՐԻՆ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻԲՐԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

16.05.2015; www.armworld.am

Երեկ տեղի ունեցավ քաղաքաշինության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստը, որը նվիրված էր Գյումրու զարգացման խնդիրներին: Նիստին ներկա էին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ գյումրեցի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
   
Բացելով նիստը՝ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ այսուհետ քաղաքաշինության նախարարությունը դառնալու է այն հարթակը, որտեղ երկրի համար կարեւոր, ռազմավարական ու մեծածավալ խնդիրներ կքննարկվեն, եւ այս կոլեգիայի նիստով էլ թերեւս այդ հարթակի սկիզբը կդրվի: Երեկվա նիստին քննարկման էր դրվել Գյումրու զարգացման հնարավորությունների հարցը։ 
«Գյումրին փոքր քաղաքաշինական օրգանիզմ է եւ բացառիկ նշանակություն ունի մեզ համար ոչ միայն առանձին շենքերի ճարտարապետական արժեքով, այլեւ որպես քաղաքային միավոր: Առ այսօր Գյումրիին անդրադարձ է կատարվել տարածքային համաչափ զարգացման համատեքստում: Ժամանակն է, որ այն դիտարկվի որպես որոշակի մայրաքաղաքային գործառույթներ ունեցող օրգանիզմ, օրինակ՝ մշակութային մայրաքաղաք, եւ հենց այդ ուղղությամբ առանձին ծրագրեր մշակվեն»,- իր խոսքում նշեց նախարարը: 

Ի դեպ, կառավարությունը, սկսած 2008թ., քաղաքաշինական ծավալուն գործընթացներ է սկսել Գյումրիում: Խոսքը մասնավորապես տուժած բնակիչների բնակապահովման խնդիրները լուծելու, աղետի գոտու հետեւանքները վերացնելու ծրագրերի իրականացման մասին է, որոնց համար հսկայական ներդրումներ են արվել: 
  

Նախարարի գնահատմամբ՝ այդ ծրագրերն արդեն իրագործման վերջին փուլում են: Անցած տարվա դրությամբ դեռ 450 ընտանիք կար, որի բնակապահովման խնդիրները լուծված չէին: Սակայն կառավարության հատկացրած գումարներով այդ բնակիչների կեսին շուտով բնակարանների վկայագրեր կտրվեն: Քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է, որ հաշվառված բնակիչների մյուս մասի՝ մոտ 230 ընտանիքի բնակապահովման հարցը կլուծվի մինչեւ 2015թ. վերջը: 
  

Արդեն իսկ այդ նպատակով նախարարությունը դիմել է երկրի նախագահին, վարչապետին, եւ հույս կա, որ խնդրին շուտափույթ լուծում կտրվի, ու կկարողանանք վերջնականապես փակել այդ քաղաքի աղետի գոտու էջը եւ մտածել այն զարգացնելու ծրագրեր իրագործելու մասին:
  

Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ժամանակ առ ժամանակ Գյումրու զարգացման համար որոշակի ծրագրեր են մշակվել: 2008թ. կառավարությունը Գյումրու զարգացման հայեցակագ է հաստատել, եղել են նաեւ տարբեր առաջարկներ, քննարկումներ որոշ նախարարություններ այնտեղ տեղափոխելու մասին, կառավարությունը քաղաքաշինության նախարարության միջոցով 2009թ. Կումայրի արգելոցի տարածքի որոշ հատվածներ ընդգրկել է քաղաքաշինական կարգավորման հատուկ գոտիների մեջ եւ այլն:
  

Սակայն այժմ ավելի համապարփակ եւ իրատեսական ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնց էլ նախարարության հանձնարարականներով ձեռնամուխ են եղել ոլորտի մասնագետները:
  

Վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ քաղաքի զարգացման համար կարեւորում է ընդհանրապես երկրի համաչափ տարբնակեցման կարգավորումը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի նաեւ Գյումրու բնակչության թվաքանակն ավելացնելու միջոցով այդ քաղաքին վերադարձնել երբեմնի աշխուժությունը: 

Իսկ բնակչության ավելացման համար ճարտարապետը յուրօրինակ լուծում է գտել, որը հնարավորություն կտա Գյումրին մարդաշատ դարձնելուն զուգահեռ լուծել նաեւ հրատապ համարվող Երեւանի կենտրոնի բեռնաթափման, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ. «Գաղտնիք չէ, որ Երեւանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է, ինչը լուրջ խնդիրների պատճառ է դարձել՝ սկսած տրանսպորտային, քաղաքաշինական, բնապահպանական հարցերից մինչեւ սեյսմիկ հավասարակշռության խախտումը: Ուստի Երեւանի բեռնաթափումն արդեն հրատապ է: 

Բացի դրանից, խորհրդային տարիներին կառուցված ընդամենը 7 բալանոց սեյսմակայունությամբ շենքեր ունենք մայրաքաղաքի կենտրոնում, որոնցից շատերում բուհական հաստատություններն են տեղակայված: Այդ շենքերը վերանորոգելու եւ սեյսմիկ չափորոշիչներին հարմարեցնելու համար կառավարությունը հնարավորություններ չունի՝ բյուջեի սղության պատճառով: 

Եվ վերջապես. կենտրոնի համար եւս մեկ խնդիր է դարձել հյուրանոցների, բիզնես կենտրոնների ու գրասենյակային տարածքների տեղակայումը: Ճիշտ է՝ այդպիսիք կառուցվում են, սակայն կենտրոնն առավել ծանրաբեռնելու հաշվին: 

Դրանից խուսափելու համար առաջարկում եմ ապակենտրոնացնել մայրաքաղաքի բուհերը եւ տեղափոխել տարբեր մարզեր՝ այստեղ թողնելով միայն մի քանիսը: Իսկ դրանց նախկին շինությունները վերանորոգելու, արդիականացնելու համար ներդրողների ներգրավել»։
  

Ըստ Գուրգեն Մուշեղյանի, երբ բուհերը ապակենտրոնացվեն տարբեր մարզերում, դրա շնորհիվ կապահովվի երիտասարդության արտահոսքը դեպի այդ շրջաններ, ինչի շնորհիվ էլ դրանք կաշխուժանան ու մարդաշատ կդառնան: Օրինակ, եթե Գյումրի տեղափոխվի մեկ-երկու բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա մի քանի հազարով կավելանա քաղաքի բնակչության թիվը.
  

«Այսօր Երեւանում կա 60 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցում սովորող ուսանողների թիվը հասնում է մոտ 98-100 հազարի, դասախոսական կազմինը՝ 10 հազարի: Այսինքն՝ ունենք 110 հազար բնակիչ, ովքեր զբաղվում են կրթությամբ: Եթե այդ բնակիչների, օրինակ, 10 տոկոսը՝ 10 հազար հոգուն, տեղափոխենք Գյումրի, մեկ կամ երկու բուհ այնտեղ տանելով, ապա մեծ ներդրում կատարած կլինենք քաղաքի զարգացման գործում»,- համոզված է ճարտարապետը:
  

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ վաստակավոր ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ Գյումրու զարգացման համար կարեւորեց այդ քաղաքում 2005թ. հատակագծով նախատեսված բուհական համալիրի կառուցումը, իսկ դրան զուգահեռ նաեւ տեխնոպարկի գաղափարի իրագործումը, որը դեռ տարիներ առաջ էր նախատեսվում կյանքի կոչել:
  

Գուրգեն Մուշեղյանի առաջարկը ողջունելով՝ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ այն լավագույն տարբերակը համարեց դատարկվող Գյումրին գոնե երիտասարդությամբ բնակեցնելու, ինչպես նաեւ բնակչության սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար. «Գյումրիում կյանքը գրեթե կանգ է առել, ներդրումներ չեն արվում, բիզնես չկա, աշխատատեղեր չկան բավական սրված է սոցիալական վիճակը:
  

Նման միջոցառումներով պետք է կարողանանք բնակչության որոշակի թիվ ապահովել, ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, ինչպիսին երիտասարդ ուսանողության՝ որպես պոտենցիալ սպառողի առկայությունն է, աշխատատեղեր ստեղծել, որ մարդիկ սոցիալական պատճառներով չլքեն քաղաքը: Սա շատ գովելի ծրագիր է, եւ ես պատրաստ եմ հնարավորության սահմաններում աջակցել դրա իրագործմանը»:
  

Ներդրումների համար գրավիչ պայմաններ ստեղծելու նպատակով ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ առաջարկեց Գյումրիում բիզնեսով զբաղվել ցանկացողներին հարկային արտոնություններ տրամադրել, այդպիսով նրանց շահագրգռել, որ իրենց բիզնես ծրագրերն այդ քաղաքում իրագործեն: Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը այդ նպատակով հատուկ օրենքի նախագիծ է մշակել, որը մոտ ապագայում պատրաստվում է ներկայացնել կառավարությանը:
  

Քննարկմանը հնչեցին մի շարք առաջարկություններ, կարծիքներ ու տեսակետներ, որոնք էլ, ըստ Նարեկ Սարգսյանի, հնարավորություն կտան առաջիկայում ստեղծել իրատեսական ծրագրեր եւ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նախագծերի միջոցով Գյումրին կհանեն ներկայինս ճգնաժամային վիճակից: