ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ

19.02.2015; armworld.am

Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է խթանել երկրում շինարարության ոլորտի զարգացումը, եւ այդ նպատակով օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոլորտի զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին խորհրդակցություն էր հրավիրել շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Շինտնտեսությունը զարգացնելու ծրագրերի մասին զրուցում ենք քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
   
-Պարոն Սարգսյան, որքանո՞վ է մեր երկրի համար առաջնային շինարարության ոլորտի զարգացումը՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների մերօրյա պայմաններում:

-Շինարարությունը ցանկացած երկրի տնտեսության համար մուլտիպլիկացիոն ազդեցություն ունի, այսինքն՝ եթե շինարարական ոլորտը զարգանում է, ներդրումներ են լինում, այն նպաստում է շատ այլ բնագավառների զարգացմանը՝ շինարարական արտադրություն, նոր տեխնոլոգիաների ներդրում եւ կիրառում, բացի դրանից, ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր, ճարտարագետներն ու նախագծողներն իրենց ստեղծագործական ներուժն են սկսում օգտագործել: Այսինքն՝ տնտեսության այդ ճյուղի զարգացումը նաեւ սոցիալական բարելավման ուղի է:

Ֆրանսիական ասացվածքն ասում է՝ շինարարությունը քայլում է՝ ամեն ինչ քայլում է: Դա նշանակում է, որ երկիրը, որտեղ բուռն թափով զարգանում է շինարարությունը, համարվում է զարգացող: Դա նաեւ դրական ազդեցություն է ունենում երկրի բնակչության վրա՝ հոգեբանական առումով: Այնպես որ ոլորտի զարգացումը պետության առաջնային խնդիրներից պետք է լինի: 

Այս նկատառումներով կառավարությունն առաջիկա տարիներին շինարարության ոլորտի զարգացման ուղիներ է փորձելու գտնել, դրան նպաստող օրենքներ մշակելու եւ ծրագրեր իրականացնելու քայլեր է ձեռնարկելու:

-Ժամանակին լինելով տնտեսության զարգացող ճյուղերից մեկը՝ շինարարությունը, հիմա ճգնաժամային վիճակում է հայտնվել: Իրատեսակա՞ն եք համարում այն վերստին գերակա ճյուղ դարձնելը:

-Կառավարությունը այժմ մի շարք ծրագրեր է մշակում, որոնց իրագործումը զգալիորեն կառողջացնի շինարարության ոլորտը: Սակայն դրա համար միայն կառավարության նախաձեռնությունները բավարար չեն: Բանկային համակարգը եւս պետք է սերտորեն համագործակցի մեզ հետ, այնպիսի գործիքներ ստեղծի, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նախաձեռնած ծրագրերն ավելի իրագործելի դարձնել:

Ծրագրերի հիմքում Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելն է: Մեր երկիրը ներդրումային մեծ ներուժ ունի եւ հետաքրքրություն, արժեք: Այդ արժեքն իր բնակչությունն է, մարդիկ՝ իրենց հյուրընկալությամբ, ջերմությամբ, անմիջականությամբ: Ուստի դա հարկավոր է օգտագործել, նաեւ նախապատրաստել պայմաններ ներդրումների համար:

Այդ նպատակով նախ պետք է լուծվեն տեխնիկական խնդիրները, որոնք կառուցապատողների մեջ անվստահություն են առաջացնում՝ սահմանափակելով ներդրումներ կատարելու ցանկությունը Հայաստանում:

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա էին շինարարության զարգացման համար շահագրգիռ կառույցների ղեկավարները: Քննարկման ժամանակ բոլորը ներկայացրին շինարարության զարգացմանը խոչընդոտող՝ իրենց ոլորտներում գոյություն ունեցող խնդիրները: Հետագայում դրանց լուծում տալու հնարավոր ծրագրեր կառաջարկվեն, որոնք էլ համընդհանուր ուժերով կփորձենք կյանքի կոչել:

Ի դեպ, ամիսներ առաջ կառավարությունը հիպոթեկային վարկից օգտվողների համար շահավետ գործիք մշակեց, որը շուտով կներդրվի: Ըստ այդ գործիքի՝ բոլոր անհատ ձեռներեցները, աշխատավարձ ստացող աշխատողները եթե օգտվեն հիպոթեկային վարկից՝ իրենց վճարած եկամտահարկը հիպոթեկային վարկի տոկոսի չափով պետությունը կփոխհատուցի:

Սա նոր գործիք է, սրա հետ կապված լուրջ ակնկալիքներ ունենք։ Դրա շնորհիվ երկրում կմեծանա բնակարանների ու նաեւ անհատական բնակելի առանձնատների գնման պահանջարկը, որն էլ իր հերթին կխթանի շինարարության զարգացումը: Վարչապետը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է արագացնել համապատասխան կարգի ընդունումը, որպեսզի շատ մոտ ապագայում հնարավոր լինի կյանքի կոչել:

Կառուցապատողներին խանգարող մեկ այլ խնդիր են իրենց ձեռք բերած հողակտորում ենթակառուցվածքների իրականացման համար առաջացող քաշքշուկները: Ճիշտ է, դրանք լուծվող տեխնիկական խնդիրներ են, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որ կառուցապատողը չի ցանկանում այդքան ժամանակ, նյարդեր ու միջոց հատկացնել դրա համար: Ուստի վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հանձնարարեց օժանդակել ներդրողներին այս հարցերում:

Թեպետ մեր նախարարությունը մի առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարությանը, որով անգամ այդ հարցն է լուծվում:

Ներկայումս մեր երկրում ներդրողների ուսերին են դրված այս կամ այն տարածքն իրացնելու, տեղի բնակիչներին իրենցից վերցված տարածքի համար գումարով կամ բնակարաններով փոխհատուցելու, նաեւ՝ վերոնշյալ ինժեներական ենթակառուցվածքներն իրականացնելու հարցերը: Իսկ դա ծանր բեռ է ներդրողի համար: Քաղաքաշինության նախարարությունն առաջարկում է պետական կամ միջազգային վարկառու կազմակերպություններից մի քանի տարով վարկ վերցնել, ընտրել իրացման գոտի հայտարարված համապատասխան տարածք, իրացնել այն՝ բնակիչներին համապատասխան փոխհատուցում տալով, լուծել ինժեներական ենթակառուցվածքների հարցը, մշակել ապագա շինության ամբողջական էսքիզային նախագիծը, որպեսզի հետագայում ներդրողն իր պայմանները չթելադրի, եւ հետո պատրաստի հողամասը դնել աճուրդի:

Սա կարող է լուրջ խթան դառնալ ներդրումների համար, քանի որ կառուցապատողը կազատվի ավելորդ ծախսատար ու ժամանակատար գործողություններ կատարելուց ու կզբաղվի միայն իր աշխատանքով՝ շինարարությամբ:

-Իրացման համար նախատեսված հողակտորները կառավարությո՞ւնն է ընտրելու, թե ընտրությունը ներդրողի ցանկությամբ է լինելու:

-Քաղաքաշինության նախարարությունում առաջին անգամ ստեղծել ենք կառուցապատման ներդրումային վարչություն, որը ուսումնասիրություններ է իրականացնելու ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ երկրի տարբեր բնակավայրերում եւ իրացման համար անհրաժեշտ տարածքներ է ընտրելու, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին: Իսկ ներդրողներին առաջարկվելու է ամբողջական, այսպես ասած, ապրանք՝ հողամասն իր ենթակառուցվածքներով, էսքիզային նախագծով: Բոլոր զարգացած երկրներում այս փորձը վաղուց կիրառվում է։ Վստահեցնում եմ, որ այն արդարացրել է իրեն:

-Մինչ այժմ խոսեցինք կառուցապատողների համար գրավիչ պայմաններ ապահովելու մասին: Փորձը հուշում է, որ պետությանը եւս հարկավոր են որոշակի գործիքներ, որոնք պետությանը կապահովագրեն այնպիսի անբարեխիղճ կառուցապատողներից, որոնց պատճառով Երեւանում իրացված տարածքների բնակիչները դրսում են մնացել, իսկ խոստացված շինությունները կա՛մ չեմ կառուցվել, կա՛մ անավարտ են մնացել:


-Հարցադրումը շատ ճիշտ է, երեւույթն իրոք խնդրահարույց է մեր երկրի համար։ Իրոք մայրաքաղաքում կան անավարտ շինություններ, որոնք, բացի այլ խնդիրներից, նաեւ յուրօրինակ բարոմետրեր են կառուցապատողների համար: Երբ որեւէ ներդրող գալիս է Հայաստան ու տեսնում կիսակառույց շինությունները, հասկանում է, որ այստեղ ներդրումների հետ կապված խնդիրներ կան: Դա նույնպես ներդրումների համար լուրջ խոչընդոտներից է:

Այժմ փորձում ենք նաեւ այդ հարցը հարթել, քանի որ գործող օրենսդրությունը արդյունավետ չի կարողանում նման ներդրողներին ստիպել կատարել իրենց պարտավորությունները: Կամ էլ դա պետք է արվի դատական երկար քաշքշուկների գնով:

Մեր առաջարկած տարբերակը երեւույթի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է: Դա պրոգրեսիվ՝ գործակցով հարկի մեխանիզմն է, որի համաձայն եթե ներդրողը պայմանագրում նշված ժամկետում չի ավարտում շինարարությունը՝ օրենքը նրան պարտադրում է վերջնաժամկետը լրանալուց հետո առաջին տարում հողի եւ գույքի համար բազմապատիկ ավելի հարկ վճարել: Եթե վերջնաժամկետից երկու տարի է անցնում, հարկի գործակիցը նորից բազմապատկվում է եւ այդպես շարունակ:

Հիմա, երբ այդ օրենքը չկա, կառուցապատողը հանգիստ է, սպասում է պատեհ առիթի՝ ձեռք բերած հողամասն ավելի թանկ գնով վաճառելու համար: Իսկ այդ պատեհ առիթը կարող է 10, 20 տարի հետո լինել: Գործակցով հարկի ներդրման դեպքում հարկվող հսկայական գումարները կառուցապատողին կստիպեն կամ արագ ավարտել շինարարությունը, կամ մատչելի գնով ձերբազատվել այդ հողամասից կամ շինությունից:

Օրենքն արդեն մշակել ենք: Շատ մոտ ապագայում այն կքննարկենք կոմիտեի նիստում, այնուհետեւ կներկայացնենք կառավարությանը, իսկ կառավարության համապատասխան որոշումից հետո կներկայացվի ԱԺ՝ հաստատվելու համար: Կարծում եմ, որ այս տարի բոլոր նշված ատյաններով կանցնի եւ հաջորդ տարվանից կկիրառվի, իսկ քաղաքը հետզհետե կմաքրվի կիսակառույցներից:

-Կարելի՞ է ասել, որ գործակցով հարկման մեխանիմզը նաեւ կնպաստի, որ պատահական մարդիկ ներդրումների պատրվակով սպեկուլյացիաների չդիմեն:

-Իհարկե, սա նաեւ երաշխիքներ կապահովի պետությանը: Երաշխիքներն ամբողջացնելու համար հարկավոր է նաեւ ապահովագրության ինստիտուտը ներդնել շինարարության ոլորտում: Երեւանի կենտրոնի մասին օրենքում դա նախատեսված է. ապահովագրումը պարտադիր է լինելու կառուցապատողի, նախագծողների, տեխնիկական հսկողների ինժներական կազմի, բոլոր այն օղակների համար, ովքեր ներգրավված են շինարարական գործընթացում: Այդպես ամեն օղակ պարտադրված կլինի իր աշխատանքին մեծ պատասխանատվությամբ մոտենալ: 

-Ներդրումային շինարարական գործընթացները որեւէ կերպ վերահսկվելո՞ւ են պետության կողմից, քանի որ նորից մեր փորձը ցույց է տալիս, որ վերահսկման բացակայության պայմաններում կամայականություններ շատ են լինում:


-Բոլոր վերոնշյալ ծրագրերն իրականացնելու եւ ներդրողներին մեր երկրում աջակցելու, նաեւ վերահսկելու համար գործելու է վարչապետին կից ներդրումների համակարգման խորհուրդ՝ կազմված շահագրգիռ գերատեսչությունների՝ Կենտրոնական բանկի, քաղաքաշինության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներից: