ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
07.02.2015, armworld.am
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ
-Օրեր առաջ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադառնալով քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ին, կարեւորեց նրա դերն ու նշանակությունը հատկապես ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Արձանագրվեց, որ ԾԻԳ-ը տարիներ շարունակ զուտ շինարարություն կազմակերպող կառույց է եղել` հետին պլանում թողնելով իր բուն՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործառույթը:
Լինելով նախարարության շինոլորտի համակարգողը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանձնարարականը: Ասել է թե՝ հետայսու քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ը շինարարական գործունեության կազմակերպումը համադրելու է ներդրումային, զարգացման ծրագրերի՞ հետ:
-Ի սկզբանե քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտեցումը քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ վերաբերյալ այն է եղել, որ նախարարությունը ծրագրային քաղաքականություն իրականացնող մարմին է, այլ ոչ թե միայն շինարարություն, վերանորոգում կամ վերակառուցում իրականացնող կառույց՝ լինի դպրոց թե մշակութային կամ մարզական օբյեկտ:
Իհարկե, շինարարությունն ինքնին շատ մեծ ոլորտ է, տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող, որը խթանիչ դերակատարում ունի տնտեսության զարգացման գործում, սակայն մեր մոտեցումն այն է, որ շինվերանորոգման խնդիրները պետք է վերապահվեն մարզպետարաններին, որ մարզերն իրենք կարողանան որպես պատվիրատու հանդես գալ, քանի որ ավելի մոտիկից գիտեն մարզային եւ համայնքային խնդիրները:
Ըստ ոլորտների տարանջատելով փոքր եւ ընթացիկ շինվերանորոգման խնդիրները՝ պետք է հնարավորություն տրվի նաեւ, որ յուրաքանչյուր ոլորտ ինքը կարողանա ներկայացնել իր ենթակայության կառույցի գնումները կամ վերանորոգման ծախսերը: Իսկ քաղաքաշինության նախարարությունը կիրականացնի վերահսկողություն վերը նշված շինարարությունների նկատմամբ։ Իրականացնելով ծրագրային, ներդրումային քաղաքականություն, իր լիազորության շրջանակում նախարարությունը կմշակի եւ կներկայացնի համայնքային կարեւոր ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ մարզային, տարածքային զարգացման առաջնահերթ խնդիրները:
Մանավանդ մարզային քաղաքներում հրատապ լուծում պահանջող բարդ իրավիճակ է ստեղծվել կոմունիկացիաների, ջրամատակարարման եւ ջրահեռացման, սելավատարների, բակերի, գետերի հենապատերի վերականգնման եւ համալիր բարենորոգման առումով:
-Դեռեւս նախորդ տարվանից մեկնարկած ԲԳՎ ծրագիրն ի՞նչ արդյունավետությամբ է ընթանում Գյումրիում, եւ արդյոք նախապես հաշվարկված գումարների մեջ վերահաշվարկ չի՞ նախատեսվում՝ տարեվերջին տեղի ունեցած դրամադոլարային տատանումների համատեքստում:
-Ինչպես գիտեք, ԲԳՎ ծրագիրը Գյումրիում իրականացվելու է 2 փուլով: Առաջին փուլն արդեն իսկ մեկնարկել է, եւ վկայագրի միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցության չափը հաշվարկված է՝ հիմք ընդունելով Անշարժ գույքի պետական կոմիտեի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված տվյալները՝ 1 քմ-ը՝ 109.300 դրամ: Հարկ է նշել, որ կոմիտեի կողմից 2014թ. տարեվերջի դրությամբ հրապարակված տվյալներով վերը նշված ցուցանիշը չի փոխվել:
Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա վկայագրում նշվող աջակցության չափը բնականաբար, հաշվարկվելու է ծրագրի իրականացման պահին՝ կադաստրի կողմից հրապարակված Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի՝ 1քմ ընդհանուր մակերեսի շուկայական գնով: Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ առաջին փուլով արդեն իսկ վկայագիր է տրվել 222 ընտանիքի: 06. 02. 2015թ. դրությամբ 55 ընտանիք գտել են գնվող բնակարանի տարբերակ. նրանցից 35-ն արդեն կնքել են առքուվաճառքի պայմանագրեր:
-Մինչ քաղաքաշինության փոխնախարարի պաշտոն զբաղեցնելը, ավելի քան 15 տարի եղել եք Տավուշի մարզպետը: Նոստալգիկ պահեր չե՞ք ունենում։
-Բնականաբար հարազատ մարզը, տարածաշրջանն ուղղակի կամ անուղղակի կերպով քեզ գրավում է, միտքդ զբաղեցնում։ Այն չես կարող ջնջել մտքիցդ, բայց ես ռեալ, իրատես մարդ եմ, ցանկացած նոր պաշտոն ստանձնելիս մտածել եմ՝ եւս մեկ փուլ ավարտվեց, սկսվեց նոր փուլ:
Այսօր կոնկրետ աշխատանք ունեմ, որը ներառում է իմ նախասիրությունները՝ շինարարության ոլորտ, բնակարանային կոմունալ տնտեսություն, քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ, նաեւ՝ քաղպաշտպանության պետն եմ, ինչը սերտորեն առնչվում է մարզերին:
Ինչ խոսք, ինձ համար կարեւոր է եղել, թե ով է ինձնից հետո շարունակելու մարզը ղեկավարել: Եվ հենց առաջին օրն իսկ ուրախացել եմ, որ այն շարունակում է մի մարդ, որ ընկեր է, որի հետ մարդկային եւ աշխատանքային գործունեություն ենք ծավալել: Այս առումով բավարարված եմ եւ հանգիստ, որ թիմի մարդ է եկել եւ նույն թիմով շարունակում է աշխատել:
-Իսկ ի՞նչ կասեք պարբերական կսմիթների հեղինակներին, ովքեր փորձում են նախկին-ներկա մարզպետ ինտրիգներ հարուցել։
-Կուզեի, որ ավելի լուրջ խնդիրներ ունենային եւ դրանցով զբաղվեին, ինձ համար էլ չանհանգստանային՝ ունեմ աշխատանք, որ սիրով եմ անում, մի թիմի մեջ եմ, որը կայացած է, քաղաքաշինության մեծ համակարգը ղեկավարում է մարդ, որը մասնագիտական եւ մարդկային բարձր արժանիքներ ունի, եւ համատեղ աշխատանքն ինձ համար հաճելի է:
Բնականաբար, մարզի, մարզպետի հետ կապը միշտ կա եւ լինելու է թե՛ նախարարության՝ մարզային այցերի շրջանակում, թե՛ անձնական՝ ես կիրակի օրերս հիմնականում ծննդավայրում եմ անցկացնում՝ ինձ հարազատ եւ մտերիմ մարդկանց շրջապատում:
Իսկ նրանց, ում նպատակը ինտրիգներ հարուցելն է նախկին-գործող մարզպետ հարաբերությունները փչացնելու մտայնությամբ, մեկընդմիշտ ասեմ՝ դա իմ ոճը չէ։