ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՂԵՌՆԻՆ ՀԱՋՈՐԴԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆԸ
28.01.2015 թ., armworld.am
Հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցեցինք հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախագծերի վերաբերյալ
-Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի պատմությունը, պատմական հուշարձանները ներկայացնող գրքաշարի հրատարակումն է, որի աշխատանքները տարիներ կտեւեն: Իսկ գործի սկիզբը դրվեց երկու տարի առաջ` «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ լույս տեսան շարքի առաջին երկու գրքերը։ Դրանցից մեկը նվիրված է Տավուշի մարզի Ոսկեպար, մյուսը` Լոռվա մարզի Ջիլիզա գյուղերին:
Շատերը, տեսնելով գիրքը, անմիջապես հարցնում էին. «Իսկ մեր գյուղի մասին հնարավոր չէ՞ նման գիրք հրատարակել»: Եվ, օրինակ, պարոն Վարդան Հարությունյանի հովանավորությամբ լույս տեսավ հինգ գիրք` նվիրված Կոտայքի մարզի մի շարք գյուղերի` Զառ, Սեւաբերդ, Ակունք, Կաթնաղբյուր, Կոտայք, Մայակովսկի, Նոր Գյուղ, Կապուտան: Շուտով լույս կտեսնի նաեւ վեցերորդը, որը նվիրված է Առինջին:
-Աշխատանքները շարունակելու հարցում դժվարություններ չկա՞ն:
Բոլորովին վերջերս առիթ ունեցա զրուցելու քաղաքաշինության նախարարի հետ, ու շատ հաճելի էր, որ Նարեկ Սարգսյանին նույնպես հետաքրքրեց այդ գրքաշարի տպագրության գործը: Ընդհանրապես համոզված եմ, որ շատ կարեւոր է նաեւ իրազեկելը կատարված աշխատանքների մասին, որպեսզի լավ նախաձեռնությունները շարունակություն ունենան: Համոզված եմ նաեւ, որ շատերը կցանկանան ու նաեւ հնարավորություն ունեն հովանավորելու, որպեսզի իրենց հարազատ գյուղի մասին էլ նման մի գիրք տպագրվի, բայց կա՛մ ես անձնապես չեմ ճանաչում այդ մարդկանց, կա՛մ իրազեկելու առիթը, ճանապարհները չկան:
Եվ շատ կարեւոր էր Նարեկ Սարգսյանի հետ մեր հանդիպումը նաեւ հենց մարդկանց իրազեկման բացը լրացնելու առումով: Իսկ նա գործի, պաշտոնի բերումով ավելի շատ մարդկանց է ճանաչում, այսինքն` այդ ծրագրի մասին ավելի շատ մարդկանց տեղեկացնելու հնարավորություն ունի: Եվ հույս ունեմ, որ այս տարի ու նաեւ հետագայում մեր ծրագիրը շարունակություն կունենա:
-Իսկ ո՞րն է երկրորդ նախագիծը:
-Երկրորդ նախագծի մասին վաղուց եմ մտածել, այն արծարծել եմ տարբեր առիթներով՝ հատկապես մշակույթի նախարարությունում: Իհարկե, նախարարության հետ այլ ծրագրեր իրականացնում ենք, բայց այս առումով սայլը տեղից չէր շարժվում: Նկատի ունեմ «Եղեռն Եղեռնից հետո» նախագիծը, որը, կարելի է ասել, նոր շունչ ստացավ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Խոսքը վերաբերում է Արեւմտյան Հայաստանում եղած մոտ 175 հազար պատմական հուշարձանների կորուստն արձանագրող (դրանց ընդամենը 2-3 տոկոսն այսօր գոյություն ունի) աշխատությանը: Մեր նպատակն է Արեւմտյան Հայաստանի բազմաթիվ գավառների համար ստեղծել պատմական հուշարձանների քարտեզները, որտեղ կներկայացվեն իսպառ անհետացած կամ ինչ-որ չափով դեռեւս հետքերը նշմարվող կառույցները: Իհարկե, այդ ամենը տարբերակելու համար պիտի առանձնացնենք պայմանական նշաններով: Կտրվեն նաեւ բազմաթիվ այլ կարգի տեղեկություններ:
Ի դեպ, երբ գնում ենք Արեւմտյան Հայաստան եւ որեւէ գյուղի, բնակավայրի բնակչի հարցնում հայկական եկեղեցիների գտնվելու տեղի մասին, նրանք դա շատ ավելի հեշտ են մատնանշում, եթե նույնիսկ այն քանդված է, ու հետքն էլ գրեթե չի երեւում. կարծես թե դա դրոշմված է իրենց հիշողության մեջ:
Իսկ երբ հարցնում ենք հայկական գերեզմանոցների մասին, դժվարանում են դրանց տեղը ցույց տալ: Բայց երկար հարցուփորձից հետո պարզում ենք, որ հայկական գերեզմանոցների տեղերում հիմնականում կառուցել են պետական նշանակության շինություններ` դպրոցներ, գյուղապետարաններ, որոշ գյուղերում` նաեւ հիվանդանոցներ: Իսկ դա նշանակում է, որ գերեզմանոցները հենց պետական ծրագրով էլ քանդվել-ոչնչացվել են, մինչդեռ յուրաքանչյուր գերեզմանոց տվյալ գյուղի, բնակավայրի անձնագիրն է: Դրանով իսկ թուրքերը մեր անձնագրերը մեր հողից ջնջել են:
Փաստորեն թուրքական կառավարությունը մարդկային ցեղասպանության ճանապարհով նվաճված Հայոց օրրանը Թուրքիա պետության կազմում ամրագրելու նպատակով երկրորդ փուլով իրականացրել է նաեւ մշակութային ցեղասպանություն: Այսինքն` մարդկային եղեռնին հաջորդել է մշակութային եղեռնը, որն այսօր էլ շարունակվում է:
-Գուցե հենց այս պահին էլ, երբ զրուցում ենք, ինչ-որ բան քանդվում է:
-Այո, համոզված եմ, որ հենց այս պահին էլ հայկական հուշարձաններ են ավերվում: Եվ ես դա հենց այնպես չեմ ասում:
Երբ, օրինակ, 2005-ի հուլիսին այցելեցինք Աղթամար վանք, տեսանք, որ դրա դիմաց գտնվող Իլի գյուղի` Աղթամարին հասակակից, 10-րդ դարի գմբեթավոր վանքը մեկ շաբաթ առաջ բուլդոզերով հարթեցրել են: Նշեմ, որ թուրքական կառավարությունը Արեւմտյան Հայաստանում գտնվող եկեղեցիները սեփականաշնորհել է, եւ դրանք այսօր պահպանվում են այն չափով, որ չափով սեփականատերը` մի թուրք կամ քուրդ, դեռ հարմար է գտնում շահագործել այդ շենքը:
«Եղեռն Եղեռնից հետո» նախագիծը վիթխարի նյութ է պարունակելու, որի մի մասն արդեն տարիների ընթացքում կուտակել էինք, եւ ցանկանում եմ պարզապես երախտագիտությունս հայտնել Նարեկ Սարգսյանին, որ, խոսքս չավարտած, անմիջապես ըմբռնեց գործի իմաստը, նշանակությունը, խոսակցությունը տեղափոխեց գործնական դաշտ եւ խոստացավ քաղաքաշինության նախարարության հնարավորությունների սահմաններում աջակցել մեր նախագծին:
Իհարկե, այդ պահին խոսք եղավ միայն գրքի տպագրության, այլ ոչ թե այն ստեղծելու ծախսերը հոգալու մասին, բայց դրա համար էլ շատ-շատ ուրախ եմ, որովհետեւ նման հատորներ տպագրելը շատ ծախսատար գործընթաց է: Դե, իսկ մենք երբեք չենք կարող մեր ուժերով նման գրքեր հրատարակել: