ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.12.2014

ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ,ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼ

24.12.2014; hhpress.am

Այսպես բնորոշեց տարին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը

ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ վերջին ամիսներին կատարած աշխատանքների ընթացքում էականորեն ընդլայնվել է գերատեսչության գործառույթների մեծ մասը։ Ոլորտում առկա բարդագույն խնդիրների վերաբերյալ ձեւավորվել են հստակ մոտեցումներ, դրանք մանրազնին ուսումնասիրվել են, գտնվել այն լուծումները, որոնք կտանեն հարցի վերջնական կարգավորմանը, ինչպես նաեւ սահմանվել է խնդիրների լուծման ժամանակացույցը։
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նշեց, որ գերատեսչությունն այս հարցում բավական լուրջ նախաձեռնողականություն է ցուցաբերել՝ գույքագրելով ոլորտում առկա բոլոր խնդիրները։
«Եղած խնդիրները բարդ ու բազմազան են։ Մեր ռազմավարական մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է համաչափ զարգանա, իսկ այդ տրամաբանությամբ մեզ անհրաժեշտ է, որպեսզի տարածքները ներդրումային հետաքրքրություն ներկայացնեն։ Այս ուղղությամբ առաջին կառուցվածքային քայլերն արվել են, նախարարության կազմում առաջին անգամ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն։ Մենք ինքներս ամբողջ Հայաստանի տարածքում սկսել ենք գտնել ու ուսումնասիրել այն հատվածները, որոնք կբերեն տվյալ տարածքների զարգացմանը ու հետաքրքիր կլինեն ներդրողների համար»,— ասաց նախարարը։
Մանրամասնելով՝ Ն. Սարգսյանը շեշտեց. դա նշանակում է, որ այդ հատվածների մասով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կպատրաստի տասնյակների հասնող ներդրումային ծրագրեր։ Դրանք կներառեն տվյալ տարածքների զարգացման բոլոր չափորոշիչների ամրագրումը, կնշվեն հատվածը, նրա ֆունկցիոնալ բովանդակությունը, կառուցապատման հիմնական չափորոշիչները, կառուցապատման ու կանաչապատման տոկոսը, բարձրությունները, խտությունը՝ ընդհուպ մինչեւ էսքիզային նախագծեր։ Այս ամենը պետք է համաձայնեցվեն պետական մարմինների հետ, որպեսզի ներդրողը ունենա եւ բոլոր հարցերի պատասխանները եւ վարչական քաշքշուկներից զերծ մնա. «Մյուս խնդիրը, որի լուծումը նախարարությունն առաջին անգամ է իր վրա վերցնում, պետության գերակա շահերից ելնելով իրականացված կառուցապատման արդյունքում բնակիչներին փոխհատուցման տրամադրման մեխանիզմների մշակումն է։ Խոսքը վերաբերում է Երեւանում «Կոնդ» եւ «Ֆիրդուս» թաղամասերի բնակիչների խնդիրների լուծմանը։ Այս ուղղությամբ եւս զգալի աշխատանք է կատարվել։ Մասնավորապես, «Կոնդի» խնդրի կարգավորման համար լուծումներ են գտնվել, եւ ընդունվել են կառավարության երկու որոշումներ։ Դրանց շրջանակներում հաջորդ տարի կսկսվի կիսակառույց շենքի շինարարությունը, որը կավարտվի 2016թ. կեսերին։ Դա ամրագրվել է նաեւ թաղամասի բնակիչների հետ կանոնավոր հանդիպումների արդյունքում»։
ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ «Ֆիրդուսի» բնակիչների հետ նույնպես բազում հանդիպումներ են անցկացվել, գտնվել են երկուստեք ընդունելի լուծումներ, փոխվել են փոխհատուցման մեխանիզմները։ Ամրագրվել է, որ 2015թ. վերջին թաղամասի 100—ից ավելի բնակիչների խնդիրը կլուծվի փոխհատուցման միջոցով։ Նախարարությունն իր վրա է վերցրել նաեւ այլ նոր գործառույթներ, մասնավորապես պետական ծառայողների բնակարանների խնդիրների լուծումը եւ այլն. «Նախարարությունը ամբողջ ԱՊՀ երկրներում միակ կառույցն է, որ այս տարիների ընթացքում իրականացրել է նախագծերի պետական փորձաքննություն։ Այն իրականացվում է բնապահպանության, հրդեհային անվտանգության, տեխնիկական անվտանգության մասով։ Պետական փորձաքննություն Հայաստանում գոյություն չունի, եւ մենք քայլեր ենք ձեռնարկել այդ բացը լրացնելու համար։ Մոտ ապագայում կձեւավորվի փորձագիտական կենտրոն, ինչը հետագայում բնագավառում դրական փոփոխությունների կհանգեցնի»։
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին՝ Ն. Սարգսյանն առանձնացրեց «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքի ստեղծումը, որի քննարկումները ՀՀ ճարտարապետների միության հետ համատեղ ավարտվել են, օրենքն ամբողջությամբ պատրաստ է։ Այն հաջորդ տարեսկզբին կներկայացվի կառավարություն, ապա՝ Ազգային ժողով։ Օրենքով ամբողջությամբ կարգավորվում են ճարտարապետ եւ կառուցապատող հարաբերությունները, ընդհանրապես ճարտարապետների պատասխանատվության շրջանակները։ Նախարարի խոսքով՝ նոր օրենքը լուրջ արձագանք է գտել նաեւ ԱՊՀ անդամ մյուս երկրներում եւ եթե այն ընդունվի, ապա լավ նախադեպ կլինի նաեւ այդ երկրների համար. «Աշխատանք է իրականացվել նաեւ Երեւանի Կենտրոնի կառուցապատման հետ կապված օրենսդրական նախաձեռնության առումով։ Նոր օրենքը, մանրակրկիտ եւ վերջնական խմբագրումից հետո արդեն պատրաստ է։ Շատ կոնկրետ նշված են խնդիրների լուծման ուղիներ՝ կառուցապատման խտության, կանաչ տարածքների հետ կապված։ Ամրագրվել է առանձին կետ, որը վերաբերում է քաղաքում տարիներ շարունակ մնացած կիսակառույցներին, դրա նկատմամբ պատժամիջոցներն են ամրագրվել։ Օրինակ, եթե կառուցապատողը հստակ սահմանված ժամկետում չի ավարտում շինարարությունը, ապա նրա նկատմամբ լուրջ հարկային պարտավորություններ են սահմանվում, որոնք հետագայում աճում են երկրաչափական պրոգրեսիայով»։
Պաշտոնյան շեշտեց՝ տարվա ընթացքում լուրջ վերաբաշխում է արվել բյուջեում, եւ զգալի միջոցներ են հատկացվել աղետի գոտու խնդիրների լուծմանը։ Ն. Սարգսյանի խոսքով՝ այս պահին Շիրակի մարզպետարանում վկայագրերով բնակարանների հանձնման խնդիրների լուծման գործընթացն է իրականացվում։ 215 ընտանիքներից ավելի քան 170—ը արդեն բնակարանների վկայագրերի ստացման գործընթացում են. «Մենք այս մասով հստակ հայտարարել ենք, որ 2015թ. ավարտին Գյումրիի հաշվառված տուժած ընտանիքների խնդիրը վերջնականապես կլուծվի։ Գյուղական վայրերում եւ այլ քաղաքներում գործընթացը կավարտվի 2016թ. ավարտին»։
Նախարարն անդրադարձավ նաեւ Հանրապետության հրապարակի կառուցապատման խնդրին՝ նշելով, որ այստեղ թիվ մեկ խնդիրը ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելն է, որն ամրագրված է քաղաքի գլխավոր հատակագծով։ Կկառուցվեն եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիներ՝ մինչեւ 1000 մեքենայի համար նախատեսված, ինչը լուրջ խնդիրներ կլուծի քաղաքի համար։ Ներկայումս, ըստ Ն. Սարգսյանի, մշակվում է այդ ճարտարապետական առաջադրանքը։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես է նախարարը գնահատում Հյուսիսային պողոտան որպես ճարտարապետական համալիր։ Ն. Սարգսյանի խոսքով՝ պողոտան նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարեւորագույն քաղաքաշինական նախագիծն է։ Սակայն, քանի որ այն խոշոր նախագիծ է, դեռ վաղ է գնահատականներ տալը։ Դրանք կտրվեն 20—30 տարի անց։ Անդրադառնալով պողոտայի կանաչապատման խնդրին՝ նախարարը տեղեկացրեց, որ 2—3 անգամ ավելացվել են տեղադրովի կանաչ հատվածները, իսկ հետագայում նախատեսվում է ուղղաձիգ կանաչապատում՝ մագլցող բույսերի միջոցով։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ, ըստ որոշ մասնագետների՝ պողոտայի սեյսմակայունությունը ցածր մակարդակի վրա է, Ն. Սարգսյանն ասաց. «Անձնական պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հյուսիսային պողոտայի սեյսմիկայի հետ կապված բոլոր խոսակցությունները բացարձակապես անհիմն են։ Պողոտայի շինություններն իրենց կոնստրուկտիվ լուծումներով Երեւանի ամենահուսալի կառույցներն են, որովհետեւ կառուցված են մեծամասամբ միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով, բոլոր միջազգային նորմերով ու երկրաշարժի առումով ոչ մի վտանգ չեն ներկայացնում»։
Ամփոփելով տարին եւ, մասնավորապես իր պաշտոնավարման ամիսները՝ Ն. Սարգսյանն այն բնորոշեց որպես խնդիրների հաշվառման եւ լուծման վերաբերյալ մշակումների փուլ։ Իսկ 2015—2016թթ. շատ բարդ ժամանակահատված է լինելու, երբ նախարարությունը կանցնի իրականացման փուլին ու կապահովի տեսանելի արդյունքներ։