ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՏՐՎԻ
19.12.2014; armworld.am
Սփյուռքահայ ամուսիններ էին՝ տղամարդը սայլակի մեջ նստած կնոջ հետ եկեղեցու շուրջբոլորը մի մեծ պտույտ կատարելուց հետո եկել, կարկամած կանգնել էին գլխավոր մուտքի հանդիսավոր աստիճանների առաջ: Անելանելի վիճակում էր ամուսինը՝ այս ու այն կողմ էր գնում՝ մտածելով, թե անհնար է, որ հսկա եկեղեցու մի կողմում թեքահարթակ չլինի:
Բայց ոչ, չկար ու չկար (ի դեպ, Ա.Ղուլյանը մի առիթով ասել է, որ թեքահարթակ կառուցելու հնարավորությունը կա): Ելք չկար, եւ կինն ամուսնուն ասաց՝ դե, լավ, դուն բարձրացիր, ես կսպասեմ ներքեւում...
Այդ օրվա միջադեպը ինձ համար էլ ուսանելի եղավ՝ դրանից հետո արդեն հատկապես որեւէ հասարակական շենքի կողքով անցնելիս նայում-զննում եմ՝ հարմարեցվա՞ծ է այն շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց։
Օրեր առաջ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանձնարարել էր մոնիտորինգ իրականացնել՝ ճշտելու համար, թե որքանով են մեր մշակութային օբյեկտները հարմարեցված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց: Այս հարցին նրա անդրադարձը մի կողմից ողջունվեց, մյուս կողմից, այնուամենայնիվ, թերահավատորեն ընդունվեց՝ այն մտայնությամբ, թե հերթական մի քայլ է, որ Աստված գիտի՝ ինչ ընթացք կունենա։
Բայց ոչ միայն ունեցավ ընթացք, այլեւ հենաշարժական խնդիրներ ունեցող հասարակական կառույցները քաղաքաշինության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ոգեւորված են եւ մտածում են՝ այս բնագծում լուրջ տեղաշարժ կարող է լինել:
Այն, որ Երեւանում ու մարզերում մարզամշակութային եւ կրթական օբյեկտները, մատչելի թեքահարթակների առկայությունից սկսած, ավարտած շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, դռների լուծումներով եւ այլն, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված չեն, հասարակական կազմակերպություններն ու մամուլը մշտապես անդրադառնում են։ Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն խորհրդային շրջանում կառուցված, այլեւ նորակառույց շենքերին, վերջին շրջանում կառուցված վերգետնյա եւ ստորգետնյա անցումներին:
Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ թեպետ այս ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է, սակայն իրականում հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք ամեն քայլափոխի հանդիպում են խոչընդոտների:
Քաղաքաշինության նախարարը լսելով բարձրացված հարցերը, համամիտ լինելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություններին, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել առկա խնդիրների հիմնարար լուծմանը:
«Սպասեք լավ լուրերի` մեր երկիրը մատչելի դարձնելու ուղղությամբ» հանդիպումից օրեր անց «Ունիսոն» հ/կ-ի կայքէջում գրել էր այս կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:
Հանդիպման ընթացքում կոնկրետ ծրագրեր են քննարկվել, որոնց իրագործմամբ մոտ ապագայում բազմաթիվ մշակութային օջախներ մատչելի կդառնան՝ հավասար հնարավորություններ ստեղծելով բոլոր մարդկանց համար: Այսօր հատուկենտ են այն մշակութային օջախները, ուր կարող են հաճախել հենաշարժական խնդիրներ ունեցողները: Այս առումով կարելի է նշել տիկնիկային թատրոնն ու կամերային երաժշտության տունը, էլի մի քանիսը, որոնք այս կամ այն կերպ են հարմարեցված, բայց ոչ՝ հիմնովին:
Նշենք միայն, որ այնպիսի լուրջ մշակութային օջախներ, ինչպիսիք են օպերային թատրոնը, Արամ Խաչատրյան համերգասրահը, Հայաստանի պետական պատկերասրահն ու պատմության թանգարանը, դեռ մնում են անմատչելի: Ինչ խոսք, այս կառույցները ներսուդրսից հարմարեցնելու ճանապարհին բազմաթիվ հարցեր պիտի լուծվեն. Մի դեպքում՝ վերելակի անհրաժեշտություն կարող է լինել, մեկ այլ պարագայում՝ սանհանգույցների դռների լայնացման եւ այլն:
Բայց որ հարցը հիմնավոր պիտի դրվի, եւ ճարտարապետները նախագծման փուլում իսկ պիտի առաջնորդվեն մատչելի միջավայր բոլորի համար սկզբունքով, աներկբա է: Այսինքն՝ սա խնդիր է, որը հիմնավոր լուծում է պահանջում, ինչից քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը չի խուսափում:
Նկատենք, որ այս խնդրի ամբողջական լուծումը կարող է ուղղակիորեն նպաստել զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում, այն պարզ պատճառով, որ զբոսաշրջիկների զգալի մասը տարեցներ են եւ շարժվելու առումով դյուրին երկրներն են նախընտրում:
Ընդհանուր առմամբ, եթե դիտարկելու լինենք քաղաքաշինության նախարարության վերջին 7-8 ամիսների գործունեությունը, կարող ենք փաստել, որ մի շարք լուրջ ծրագրեր արդեն հունավորվել եւ ընթացք են ստացել: Այս առումով կարելի է առանձնացնել ե՛ւ Աղետի գոտու, ե՛ւ Կոնդ ու Ֆիրդուսի թաղամասերի բնակիչների բնակապահովման խնդիրների լուծումը, ե՛ւ «Հին Երեւան» ներդրումային ծրագիրը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի որդեգրած՝ «խնդիրները պետք է լուծվեն, այլ ոչ թե շրջանցվեն» սկզբունքը վստահեցնում է, որ մատչելի միջավայր ձեւավորելու առումով հարցերը պիտի հիմնավոր դրվեն եւ հիմնարար լուծում ստանան։