2016-ԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԻ
05.12.2014; armworld.am
Դեկտեմբերի 7-ին լրանում է 1988թ. երկրաշարժի հերթական տարելիցը
26 տարի է անցել, սակայն աղետի գոտում դեռ ապրում են երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած մարդիկ, իսկ աղետի գոտի արտահայտությունը շարունակում է արդիական մնալ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում դեռ տնակներում հանգրվանած մարդկանց ապահովելու տանիքով: Օրերս էլ մեկնարկեց աղետի գոտու բնակապահովման ծրագրի հերթական փուլը:
Կառավարության 2008թ. հունիսի 12-ի որոշմամբ` պետական պարտավորությունների հատուկ հայեցակարգ ձեւավորվեց Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում բնակարան կորցրած այն ընտանիքների նկատմամբ, որոնք նախորդ տարիներին պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերից չէին օգտվել: Տարբեր մարզերում բնակարանային խնդիրների լուծման համար հաշվառված ընտանիքների թիվը հասավ 7000-ի, որոնցից ծրագրի շահառու ճանաչվեց 5335 անօթեւան ընտանիք:
Պետությունը պարտավորվեց այդ ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը հոգալու համար պետական բյուջեով բնակելի շենքեր կառուցել, իսկ ոմանց էլ՝ 382 ընտանիքի, ապահովեց շուկայից բնակարանների կամ բնակելի տների ձեռք բերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով՝ մի մասին տրամադրելով բնակարանների գնման վկայագրեր, գյուղական բնակավայրերում մեկ սենյակի շահառու ճանաչված 312 ընտանիքի էլ՝ 3 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն:
2008թ. դեռեւս միայն Գյումրիում մեկնարկեց «1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը», որն իրականացնելու համար հայտարարված բաց մրցույթը շահեց «Գլենդել հիլզ» ընկերությունը: Կառավարության ընտրությունն այքան էլ հաջող չէր, քանի որ «Գլենդել հիլզը» դժվարությամբ ավարտին հասցրեց բնակելի շենքերի շինարարության ծրագիրը՝ ձգձգելով այն եւ իրենց բնակարանամուտին անհամբեր սպասող ընտանիքներին ստիպելով անորոշ ժամանակով տնակներում ապրել, իսկ վերջնարդյունքում էլ անորակ ու կիսատ-պռատ կառուցված շինություններ հանձնեց շահառուներին:
Ընկերության կառուցած «Մուշ-2» թաղամաս կատարած այցելության ժամանակ անգամ երկրի նախագահն էր մատնանշել թաղամասի շենքերում առկա բացթողումներն ու թերությունները՝ կարգադրելով վերացնել դրանք եւ նոր միայն շահագործման հանձնել:
Թեեւ, քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հավաստմամբ, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի կառուցած շինությունների, որոնք աղետի գոտում չդիմացան երկրաշարժի ուժգնությանն ու փլվեցին, վերջին տարիներին Հայաստանում կառուցված շենքերն ավելի վստահելի են. «Հայաստանում շինարարության ոլորտում լուրջ առաջընթաց կա: Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում շինարարությունը խիստ չափորոշիչներով է իրականացվում՝ մոնոլիտ երկաթբետոնե կառուցվածքներով, միաձույլ կարկասներով: Ինչն էլ ապահովում է շինության անհրաժեշտ սեյսմակայունությունը:
Եթե շենքը փորձաքննություն է անցել, այն կառուցելու ժամանակ պահպանվել են բոլոր շինարարական չափորոշիչները եւ վերահսկողություն է եղել, ուրեմն այդ շենքը հուսալի է եւ անվտանգ»:
Ամեն դեպքում ընկերության կառուցած «Մուշ-2» թաղամասը 2009-2014թթ. ընթացքում իր հարկի տակ ընդունեց 3730 ընտանիքների: 154 ընտանիք էլ դեռ սպասում է կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքների ավարտին, որի վերջնաժամկետ է սահմանված 2015 թվականը:
Իսկ դեռ բնակարան չստացած 444 գյումրեցի շահառու ընտանիքներ նախընտրեցին պետությունից ֆինանսական աջակցություն ստանալով՝ իրենց բնակարանային հարցերը լուծել:
Այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց Գյումրիում բնակարանաշինության ծրագիրը փոխարինել բնակարանների գնման վկայագրերի ծրագրով, քաղաքաշինության նախարարը պատասխանեց, որ հիմնական պատճառը բնակիչների անվստահությունն է։
«Այսօր ավելի քան պատասխանատու եմ զգում ինձ աղետի գոտու խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու առումով՝ փորձելով ավելի իրատեսական քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով նախարարությունում ուսումնասիրեցինք, քննարկեցինք եւ ի վերջո հանգեցինք այն եզրակացության, որ սկսած 2012-13թթ., երբ բավական երկար ժամանակ բնակելի շենքերի շինարարությունը դադարեցվել էր, մարդկանց մեջ անվստահություն է առաջացել այդ ծրագրի նկատմամբ:
Եվ քանի որ պետության կողմից շահառու ճանաչված ընտանիքներից 444-ը դեռ բնակապահովման խնդիր ունի, որոշեցինք, որ ավելի օպերատիվ, վստահելի ճանապարհը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման եղանակն է: Գյումրու քաղաքապետարանի անցկացրած հարցումներով պարզվել էր, որ շահառուների մեծամասնությունը նախապատվությունը տվել է վկայագրերի ծրագրին»:
Կառավարությունն էլ ընդառաջելով նրանց՝ 2014թ. հոկտեմբերի 2-ի որոշմամբ նախատեսել է Գյումրի քաղաքի 444 ընտանիքների տանիքի խնդիրը բնակարանի գնման վկայագրի տրամադրմամբ լուծել:
Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախատեսված է այս տարի եւ մինչեւ 2015թ. կեսերն առաջին փուլով լուծել 214 ընտանիքի բնակարանային խնդիրը, իսկ 2015-ի վերջում՝ մնացած 230-ինը, եւ այդպիսով երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքները Գյումրիում լիովին կապահովվեն բնակարաններով կամ տներով:
Գյումրու մարզպետարանի տվյալներով՝ արդեն իսկ առաջին փուլում ներառված 215 ընտանիքները ծանուցվել են վկայագրեր ստանալու վերաբերյալ, նրանցից 100 շահառուներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզպետարան՝ վկայական ստանալու համար:
Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԻ պարզաբանմամբ, ընտանիքներին վկայագրեր տրամադրելով՝ պետությունը բնակարանի ընտրությունը վերապահում է բնակչին՝ ըստ նրա հայեցողության: Իսկ բնակարանի համար ֆինանսական աջակցության քանակը որոշվում է ծրագրի իրականացման պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Գյումրիում բնակարանների 1 քմ մակերեսի համար հաշվարկած գնի շուկայական միջինացված չափով:
Հաշվի է առնվում նաեւ ընտանիքին հասանելիք բնակարանի մեծությունը:
Անահիտ Եսայանը նաեւ հավաստիացրեց, որ այս ծրագիրը խստորեն վերահսկվում է, որպեսզի վկայագրերին համապատասխան ֆինանսական միջոցները նպատակային ծախսվեն:
Անօթեւաններին բնակարաններով ապահովելու ծրագրերը 2015-2016թթ. կշարունակվեն երկրաշարժից տուժած մյուս մարզերի քաղաքներում ու գյուղերում: Նարեկ Սարգսյանը հույս է հայտնում, որ 2016թ. ավարտին վերջնականապես կձերբազատվենք աղետի գոտի արտահայտությունից եւ կսկսենք մտածել երկրաշարժից տուժած քաղաքներում ներդրումներ կատարելու, տուրիստական ենթակառուցվածքներ զարգացնելու մասին: