Լավ է ուշ, քան երբեք. մշակութային օջախները հասանելի կդառնան հաշմանդամություն ունեցողներին
27.10.2014, mediamax.am
Հայաստանում գործող մշակութային կառույցների բացարձակ մեծամասնությունը շարունակում է անմատչելի լինել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ խնդիրը սկսել է մտագոհել նաեւ Հայաստանի քաղաքաշինության նախարարությանը, որը առաջին լուրջ քայլերն է կատարում խնդրին լուծում տալու համար:
Նախարար Նարեկ Սարգսյանը հանձնարարել է աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը կարճ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ողջ երկրի տարածքում ու ծանոթանալ մշակութային օջախներում տիրող իրավիճակին:
Մեդիամաքս-ը եւս փորձել է պարզել, թե որքանով են մշակութային վայրերը համապատասխանեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց, ու քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում ինչ աշխատանքներ է մտադիր իրականացնել:
Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը նշեց, որ այս խնդրի հետ կապված մտահոգություն իրենք միշտ էլ ունեցել են, սակայն այն լուծելու պարտավորությունները դրված են քաղաքապետարանների վրա:
«Առաջիկայում հսկայական աշխատանք պետք է կատարվի: Բավականին երկար ժամանակ կպահանջվի, որ ուսումնասիրություններ արվեն ու աշխատաքները սկսվեն»,- ասաց Եսայանը:
Նա ընդգծեց, որ, քանի որ նախարարի հանձնարարականն եղել է մի քանի օր առաջ, դեռ վաղ է ներկայացնել աշխատանքների արդյունքները:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը անակնկալի է եկել նախարարության այդ որոշումից: Նրա խոսքով, նախկինում երբեւէ չի լսել, որ քաղաքաշինության նախարարության որեւէ տեսչություն գոնե մոնիտորինգ իրականացնելու հայտարարություն անի:
«Դա թեեւ ուշացած, բայց անհրաժեշտ ու ուրախալի որոշում է: Մենք ողջունում ենք այդ քայլը ու կարծում ենք, որ տարբեր կազմակերպություններ ու մարդիկ պատրաստակամ կլինեն աջակցություն հայտնելու»,- ընդգծեց նա:
Անահիտ Եսայանի վկայությամբ, Խորհրդային տարիներին հաշվի չեն առել, որ մշակութաjին օջախներ պետք է այցելեն նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ պատճառով էլ անհրաժեշտ պայմաններ չեն ապահովել:
Բաթոյանը հակադարձեց, որ, երբ խոսքը հին շենքերի մասին է, արդարանալը հեշտ է, սակայն նոր կառուցվող ու հիմանանորոգվող մշակութային օջախների դեպքում մատչելիության խնդիրները ու հավասարության պայմանները հաշվի չառնելը պարզապես հանցագործություն է: Որպես օրինակ նա նշեց օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Գյումրիում բացված արվեստի դպրոցը, որտեղ եւս չեն պահպանվել անհրաժեշտ նորմերը:
«Այն ամբողջովին նոր կառուցված շենք է, հին չէ, որ դժվար լինի հարմարեցնել՝ նոր թեքահարթակներ կառուցել, վերելակներ տեղադրել, սակայն այդ ամենը հաշվի առնված չէ: Համակարգային մոտեցում է պետք է, որ խնդիրը լուծում ստանա»,- կարծում է Բաթոյանը:
Նա նշում է, որ հաճախ մատչելիություն ասելով միայն թեքահարթակների առկայությունն են հասկանում, մինչդեռ մոռանում են նաեւ կույր մարդկանց համար հասանելիության խնդիրը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքն» էլ է փորձել պարզել, թե արդյոք մշակութային վայրերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց, ու 2012 թ-ին հարցում է ուղարկել Մշակույթի նախարարություն: Բաթոյանի վկայությամբ, երկու տարվա հարցումների պատասխանները նույնն են եղել, որ իրենք աշխատանքներ են կատարում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
«Երեւանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենահարմար վայրը «Մոսկվա» կինոթատրոնն է, որը մասնավոր սեփականություն է համարվում: Կինոթատրոնը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար՝ թեքահարթակներից բացի կա նաեւ վերելակ: Բայց համոզված չեմ, որ զուգարաններն էլ են հարմարեցված:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ են հարմարեցումներն արված»,- ընդգծել է նա:
Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը նման մշակութային օջախների թվում նշել է նաեւ Ճարտարապետության ազգային ինստիտուտը, որը վերանորոգումից հետո եւս հարմարեցվել է ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց:
Նույն ցավալի պատկերն է տիրում նաեւ մայրաքաղաքի գրադարաններում:
Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, այս տարի իր ենթակայության տակ գործող 12 գրադարաններում վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում, մի քանիսն արդեն շահագործման են հանձնվել: Բաթոյանի խոսքով, իրենք այցելել են այդ գրադարաններից 5-ը ու կարող են փաստել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության չափանիշներից գրեթե ոչ մեկը չի համապատասխանում. «Որոշակի թեքահարթակներ կան, մի մասը խախտումներով է արվել: Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ միայն կարող են մուտք գործել գրադարան, սակայն այնտեղ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված են: Գրադարանների նորոգումն այս տարի ավարտվելու է, ու ես վախենում եմ պատկերացնել, թե վերջում ինչ պատկեր ենք ունենալու»:
2007 թ-ին ՀՀ քաղաքաշինության նախարարը հրաման է արձակել «Շենքերի եւ շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար շինարարական նորմերը հաստատելու մասին»: Իսկ 2010թ. մայիսի 17-ին Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, այն սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են նաեւ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ու մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում:
Փաստացի այս օրենքները եւ որոշումները մեր երկրում չեն գործում, քանի որ շինարարական չափանիշներն այդպես էլ չեն պահպանվում: Գուցե Քաղաքաշինության նախարարության վերջին որոշումը վերջապես «կոտրի սառույցը», ու մշակութային օջախներ կկարողանան անարգել հաճախել նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ: