Պետծառայողների համար բնակարանների վաճառքի պայմաններն ավելի մատչելի կդառնան. Կառավարություն
09.10.2014; tert.am
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի և բնակարանների բաշխման պայմանները, կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրին ներկայացվող պահանջներն ավելի մատչելի դարձնելու նախագիծ:
«Առաջարկում ենք ընդլայներ այդ ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերողների կազմը, հանել աշխատանքային ստաժի կետը»,- ասաց զեկուցողը և ավելացրեց, որ հայտարարված մրցույթում «Արդշինինվեստ» բանկն է հաղթող ճանաչվել, քանի որ այն կանխավճարի քսան տոկոսի փոխարեն 7 տոկոս է առաջարկել:
«Այսպիսով պայմաններն ավելի մատչելի են դառնալու»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Նախագծի շուրջ դիտարկում արեց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ ասելով, թե կանխավճարն այդ ծրագրով ավելի ցածր չի կարող լինել, քան երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման գործող ծրագրով կանխավճարը, որն այժմ 30 տոկոս է: «Երիտասարդ ընտանիքը, որն ավելի խոցելի է, չի կարող ավելի շատ վճարել, քան պետական պաշտոնյան»,- ասաց նա:
Նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հերթին առաջարկեց Ասեն Քարամյանին մտածել, թե 30 տոկոսն ինչպես կարելի է դարձնել 7 տոկոս: