Բացվեց Երևանյան ճարտարապետական բիենալեն
7.10.2014; armenpress.am
Այսուհետ Երևանում տեղի կունենան հայ ճարտարապետության փառատոններ: Այս մասին հոկտեմբերի 6-ին, «Երևանյան ճարտարապետական բիենալեի» բացման ընթացքում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Մեջբերելով իտալացի ճարտարապետներից մեկին, ասեմ, որ «Ճարտարապետությունը ցույց է տալիս, թե որքան են մարդիկ սիրում իրենց երկիրը: Ճարտարապետները նվիրված մարդիկ են, ովքեր տասյանակ տարիներ, սերնդից սերունդ փոխանցում էին այդ արվեստը, որպեսզի մենք մեր ունեցածով կարողանանք համաքայլ քայլել», - Ճարտարապետների միջազգային օրը մեկնարկած բիենալեի բացմանն ասաց Նարեկ Սարգսյանը:
Ըստ քաղաքաշինության նախարարի` բիենալեն կտևի երեք շաբաթ, և այդ ընթացքում ժյուրին կքննի աշխատանքները, որից հետո կհայտարարվեն հաղթողները: Ժյուրին միջազգային է, քանի որ դրա անդամներ են ինչպես Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչները, ՀՀ քաղաքաշինության փոխնախարարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, այնպես էլ սփյուռքի գործընկերները:
«Հայ ճարտարապետությունը Հայաստանի համար պետք է դառնա բրենդ, այցեքարտ, բոլոր զբոսաշրջիկները պետք է գան Հայաստան՝ տեսնելու մեր անցած դարերի հզոր ճարտարապետների գործերն ու այսօրվա ճարտարապետների մտքի արգասիքը», - բիենալեի բացման ընթացքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոր Գրիգորյանի խոսքերով՝ այս տարվա բիենալեին ներկայացված են 12 երկրների մասնակիցներ. հիմնականում հայ ճարտարապետներ են, ինչպես նաև նրանց հետ համագործակցող ճարտարապետներ Շվեյցարիայից, Թուրքիայից, Իրանից, Արգենտինայից, Ռուսաստանից և Կանադայից:
«Այս տարվա ցուցահանդեսը հետաքրքիր է նաև իր մասնակիցների տարիքային ցուցանիշով, այն ավելի երիտասարդացել է: Դա շատ գովելի է, քանի որ երիտասարդները մեր ճարտարապետական արվեստի ապագան են, և նրանց որակի մասին մենք կարող ենք դատել ներկայացված գործերով: Նաև յուրահատուկ է ներկայացված գործերի տիպաբանությունը. այստեղ ներկայացված են բոլոր ճյուղերի գործերը», - հավելեց Աշոտ Գրիգորյանը:
«Երևանյան ճարտարապետական բիենալեի» ժյուրիի անդամ, ճարտարապետ Արմեն Մինասյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց, որ նախորդ բիենալեի համեմատ այս տարի ներկայացված աշխատանքների քանակը ավելին է, և բարձր է դրանց որակը:
Ժյուրիի անդամը հավելեց, որ բիենալեին ներկայացված նախագծերը գնահատվում են բազում չափանիշներով՝ սկսած մտահաղացումից, իրականացումից, մինչև այն հանգամանքը, թե որքանով է իրագործելի նախագիծը:
«Նոր շենքերի նախագծերի հետ մեկտեղ այս տարի ներկայացված են շենքերի վերակառուցման նախագծեր, քանի որ Հայաստանում բազում են շենքերը, որոնք ունեն լավ տեղանք, սակայն չեն ծառայում իրենց նպատակին. այդ իսկ պատճառով դրանք կերպարանափոխվում են: Արդեն տասներկու տարի աշխատելով Հայաստանում` ես ավելի հաճախ հանդիպում եմ վերակառուցման նախագծերի, քան ամբողջովին նոր շենքերի կառուցմանը: Սա անխուսափելի է, քանի որ խորհրդային տարիներին անխնա քանակությամբ շինարարություն էր իրականացվե», - նշեց Արմեն ՄԻնասյանը:
Բիենալեն կավարտվի հոկտեմբերի 20-ին, որից հետո ժյուրին կհայտարարի հաղթողների անունները, և տպագրության կպատրաստվի գիրք, որտեղ զետեղված կլինեն այս տարվա բիենալեին ներկայացված նախագծերը: