ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.12.2018

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Պատմում է Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ Աղասի ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

30 տարի առաջ, դեկտեմբերյան այդ մի տեսակ անսովոր մեղմ օրը հարազատ քաղաքում էի: Երբ սկսվեց երկրաշարժը՝ գտնվում էի բազմաբնակարան շենքի առաջին հարկում: Հուժկու ցնցումներից կորցրել էի հավասարակշռությունս:
Այդ անվերջ թվացող րոպեների ընթացքում տագնապներիս զուգահեռ, որպես շինարար ակամայից հետևում էի շենքի քայքայման, քարե կրող պատերում և միջհարկային ծածկում ճաքառաջացման և խզումների ընթացքին: Շենքը մասնակի քանդվեց, շրջակայքում բոլոր շենքերը փլուզվել էին:

Աշխատում էի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում, որը նույնպես մասնակի քանդվել էր:

Վերհիշելով այդ սահմռկեցուցիչ օրը և նրան հետևող ամիսները, վերապրում եմ այն զգացումներն ու ապրումները. ինչ նվիրումով, մասնագիտական ջանասիրությամբ էինք աշխատում երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության և արդյունքների ճարտարագիտական վերլուծության ուղղությամբ, աշխատանքներ, որոնց անմիջական մասնակիցն եմ եղել որպես ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության ոլորտի մասնագետ։

Դեկտեմբերի 7-ի գիշերը սկսեցի փնտրել աշխատանքային ընկերներիս, բայց ապարդյուն... Հետո տեղեկացա, որ քաղաքի ղեկավարությունը տեղակայվել է Ազգային անվտանգության երկհարկանի շենքում: Գնացի... Խմբված ու վշտահար բազմության մեջ հանդիպեցի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարին: Արդեն գործում էր ռադիոկապը:

Հաջորդ իսկ օրվանից անցանք աշխատանքի: Աշխատում էինք արտակարգ ռեժիմով, անկախ եղանակային պայմաններից՝ ձյուն, անձրև, քամի...
Փողոցները դժվարանցանելի էին: Սկզբնական շրջանում չունեի մշտական կացարան: Անհրաժեշտ թղթերով ծանրաբեռնված պայուսակով շրջում էի քաղաքում, աշխատում` չիմանալով անգամ, թե այդ օրը որտեղ եմ գիշերելու:

Գիշերել եմ նույնիսկ պատահական վրաններում... Հիշում եմ, Սպիտակ քաղաքից, ավտոմեքենայի խափանման պատճառով, Գյումրի վերադառնալիս մինչև Ջաջուռ թունելի մատույցները գիշերով անցել եմ ոտքով:

Հրատապ լուծում էին պահանջում երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության առաջնահերթ խնդիրները: Պետք էր գնահատել երկրաշարժի ուժգնությունը: Սկսվեցին երկրաշարժի հետևանքների մակրոսեյսմիկ ուսումնասիրության աշխատանքները:

Անհրաժեշտ էր կատարել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազոտություն և վնասվածության աստիճանների գնահատում:

Կարող եմ ասել, որ եղել եմ Գյումրի քաղաքի թե կանգուն վթարային, թե կիսաքանդ բոլոր բազմաբնակարան շենքերի բնակարաններում ու հազարավոր անհատական տներում։ Առ այսօր հիշողությանս մեջ են քանդված շենքերի հասցեներն ու վնասվածքների նախնական պատկերները… Նույնը` Սպիտակ քաղաքում:

Մասնակցել եմ աղետի գոտու բնակավայրերի մակրոսեյսմիկ ուսումնասիրություններին և քարտեզները կազմելու աշխատանքներին, կազմել եմ Սպիտակ քաղաքի տարածքում երկրաշարժի ինտենսիվության գնահատման մակրոսեյսմեկ քարտեզը: Մասնակից եմ եղել Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածի խզվածքային տեկտոնիկայի ուսումնասիրության և ճշգրտման աշխատանքներին:

Այնուհետև, հաշվի առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերը, աղետի գոտու վերականգնման համար կարևորվեց սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի վերանայման անհրաժեշտությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ` վերլուծելով աշխարհի ավելի քան 50 սեյսմաակտիվ երկրների նորմերը, միջազգային փորձը և գիտական արդյունքները, նախկին խորհրդային երկրներից առաջինը Հայաստանում է մշակվել և գործողության մեջ դրվել սեյմակայուն շինարարության նախագծման նոր ազգային նորմերը, որոնք սկզբունքորեն տարբերվում են խորհրդային նորմերից:

Ակադեմիկոս Խաչիյանի առաջարկությամբ նոր սկզբունքով է կազմվել նաև նորմերի համար հիմք հանդիսացող սեյսմիկ շրջանացման քարտեզը:
Նորմերն առաջին խմբագրությամբ գործողության մեջ են դրվել 1994 թվականին, երկրորդը` 2006-ին:

2018 թվականին կազմվել է Հայաստանի տարածքի նոր սեյսմիկ շրջանացման քարտեզը, և այդ գործում մեծ ներդրում է ունեցել Քաղաքաշինության կոմիտեն։
Ներկայում վերանայման ընթացքում են գտնվում սեյմակայուն շինարարության նորմերը: Հպարտ եմ, որ այս գործում ունեմ մասնակցություն և որպես մասնագետ, և որպես Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ։

Ինչ խոսք, Հայաստանին պատուհասած աղետից հետո նոր նորմերի պահանջներին համապատասխան կառուցված շենքերի և շինությունների սեյսմակայունության ու հուսալիության աստիճանն անհամեմատ բարձր է, ինչը պետք է գնահատել նաև որպես Հայաստանի անկախության տարիների առաջնային կարևորության ձեռքբերումներից մեկը:

Այսօր էլ հաճախ եմ լինում հարազատ քաղաքում: Գյումրին ուղղել է մեջքը, ի հեճուկս այն նախնական պատկերացումներին, թե անիրագործելի էր Գյումրու վերականգնումը:

Սակայն հիմա տեսանելի է, թե ինչպես է փոխվել իմ հարազատ քաղաքը, որքան նոր շենքեր ու հասցեներ են ավելացել: Հասցեներ, որոնք բոլորն արդեն դժվար է մտապահելը: