ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.11.2018

Ախուրյան. աղետից 30 տարի անց

---Քաղաքաշինության կոմիտեի՝ «Վերածննդի 30 տարի» նախագիծ---

Պատմում է Արծրունի Իգիթյանը՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար

Ախուրյան համայնքը մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը հանդիսանում էր Ախուրյան շրջանի կենտրոնը: Ուներ 41 բարձրահարկ բազմաբնակարան շենք` 1404 բնակարանով, որոնք հիմնականում ավերվեցին։

Այդ ժամանակ աշխատում էի Ախուրյանի շրջանային կենտրոնում, որպես «Գիտելիք» ընկերության պատասխանատու քարտուղար: Բավականին ծանր ժամանակներ էին, հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների հետևանքով Հայաստան էին տեղափոխվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ, մեր համայնքը նրանցից շատերին էր հանգրվանել, տեղավորել տարբեր շենքերում, այդ թվում շրջկոմի շենքում, որն ի դեպ երկրաշարժին ամենից քիչ է վնասվել:

Ծանր են հիշողությունները աղետյալ երկրաշարժի հետ կապված: Դրանք հնարավոր չէ հիշել առանց ծանր ապրումների: Համայնքի` չորս տասնյակից ավելի բազմահարկ բնակելի շենքերից կանգուն էին մնացել 8-10-ը, որոնք վթարային լինելու պատճառով հետագայում քանդվեցին: Մշակութային, կենցաղային և այլ նշանակության շինությունները հիմնականում ավերվել էին:
Մի դեպք է տպավորվել. բռնագաղթված և Ախուրյանում հանգրվան գտած ընտանիքների մեջ կային տարեց ամուսիներ: Շենքը, որտեղ նրանց բնակարանն էր` քանդվել էր, կանգուն էր մնացել մի փոքր հատված: Կանգուն մնացած հատվածի վրա եղել էր բազմոց, որի վրա երկրաշարժի պահին նստած էին եղել տարեց ամուսինները: 5-րդ հարկում, օդից կախված բազմոցին երեք օր նստած մնացին, մինչև համապատասխան տեխնիկայի օգնությամբ կարողացանք իջեցնել:

Կարող է նույնիսկ անհավանական թվալ, բայց երբ մարդկանց հանում էին փլատակների տակից առաջին հարցը լինում էր` Ղարաբաղում ի՞նչ է կատարվում, ո՞նց է իրավիճակը:

Տնակներում ապրում են հիմնականում ոչ աղետի հետևանքով տուժածները

Ախուրյանում բնակարանների ապահովման պետական ծրագիրն ամբողջովին ավարտվել է, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք վիճելի հարցեր են պարունակում:

Այս 30 տարիների ընթացքում լուծվել է ավելի քան 1296 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ դեռևս գոյություն ունեցող տնակներում տարբեր պատճառներով ապրում են հիմնականում անօթևանության կարգավիճակ չունեցողներ, որոնց նկատմամբ պետությունը կատարել է իր պարտավորությունը: Եղան դեպքեր, երբ մարդիկ վաճառելով բնակարանը՝ գումարն օգտագործել են տարբեր նպատակներով՝ ֆինանսական, առողջական խնդրիների լուծման նպատակով: Համայնքում տնակային տնտեսությունների առկայության պատճառներից է նաև ընտանիքների աճը:

2002-2004 թթ. միայն 601 ընտանիք բնակարան է ձեռք բերել բնակարանի գնման վկայագրի միջոցով:

Բոլորովին վերջերս համայնքում շահագործման է հանձնվել 104 բնակարանով 3 բազմահարկ բազմաբնակարան շենք, որոնցից մեկի նախագիծը լրամշակվել է ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի պատվերով, կիրառվել են էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ:

Համայնքի վերածնունդը

Ախուրյանում կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքն ակնհայտ է,  համայնքը դուրս է եկել ծանր վիճակից:

Սկսվել են բակերի ու փողոցների բարեկարգման, խաղահրապարակներում տաղավարների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է համայնքային զբոսայգու ստեղծման աշխատանքները: Կառուցվել են ոռոգման ջրագծեր, բարեկարգվել և ասֆալտապատվել ճանապարհներ:

Թե´որպես ախուրյանցի, թե´ որպես քաղաքացի և թե´ որպես համայնքի ղեկավար հաճելի պահեր եմ ապրել, ուրախացել կառուցվող ամեն մի շենքի ու տան համար: Առավել ևս` շահագործման հանձնվող կամ բնակարանի վկայագիր տրամադրելու ժամանակ աննկարագրելի է եղել ուրախությունս:
Որպես համայնքի ղեկավար, ամփոփելով յուրաքանչյուր տարին, հպարտության զգացողություն էի ունենում՝ ամեն տարի հաշվետվությունները կազմվում էին նոր ու ավելի բարձր թվերով:

Հպարտության զգացողությունն ավելի մեծացավ, երբ 2015 թվականին Ախուրյանը ճանաչվեց «Տարվա լավագույն գյուղական համայնք»:

Դպրոցներն ու մարզադպրոցները

Համայնքում այժմ առկա է երկու դահլիճով համալիր մարզադպրոց: Հպարտություն եմ ապրում միայն այն մտքից, որ մեր մարզադպրոցի սանը մասնակցել է Օլիմպիական խաղերի, ունեցել ենք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ:

Ախուրյանում առկա է երեք մանկապարտեզ՝ 250 երեխայի համար նախատեսված, արվեստի դպրոց` երաժշտական և նկարչական բաժիններով, գրադարան, մշակույթի տուն:

Ախուրյան գյուղն ունի չորս դպրոց, մեկն՝ ավագ, երեքը՝ հիմնական: Բոլոր ուսումնական կենտրոնները կառուցվել են երկրաշարժից հետո՝ ժամանակակից սեյսմիկ նորմերին համապատասխան:

Ռուսաստանաբնակ բարերարների ներդրումների (շուրջ 140.000 ԱՄՆ դոլար) շնորհիվ արդեն 15 տարի է ինչ համայնքում գործում է Ախուրյանի բժշկական կենտրոնը, որի մեջ մտնում է պոլիկլինիկական ծառայությունը, ստացիոնար բաժանմունքը, մարզային պրոկտոլոգիայի կենտրոնը, շտապբուժօգնության ծառայությունը:

Ախուրյանի ծննդատունը մրցունակ է Գյումրիի ծննդատներին

1997 թվականից գործում է ՀՕՄ-ի միջոցներով կառուցված և շահագործման հանձնված Մոր և մանկան առողջության կենտրոնը` հագեցած ժանակակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, նախածծնդյան և հետծննդյան սպասարկումով: Գործում է նաև ծննդատուն, որը, ի դեպ, մրցակից է Գյումրիի ծննդատներին: Գյումրիում գործող երկու ծննդատները՝ առանձին-առանձին վերցրած, ծնունդների թվով զիջում են Ախուրյանի ծննդատանը:

Ախուրյանում է գտնվում Հայաստանում գործող շաքարի գործարանը, ապահովելով մեծ թվով աշխատատեղեր:

Համայնքում գործում են մեծ թվով կազմակերպություններ, այդ թվում շինարարական, սպասարկման ոլորտի, ինչպես նաև նախկինում տարածաշրջանը սպասարկող՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության, Զինկոմի, Գազի, Էլեկտրական ցանցերի, Սոցիալական ծառայության, Սոցապահովության տարածքային կենտրոնները:

Հիմնական աջակցությունը եղել է պետության կողմից

Ախուրյան համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են տարբեր ծրագրեր:

Համայնքում որոշ շենքեր կառուցվել են օգնության եկած ռուս շինարարների կողմից, որից հետո պետության միջոցներով սկսվել է ԲԳՎ (բնակարանների գնման վկայագիր) ծրագիրը, բնակարանաշինությունը, շենքերի ամրացման ու վերականգնման գործընթացը: Պետությունն աջակցություն է տրամադրել համայնքի բնակիչներին՝ իրենց պատկանող հողամասերում կիսակառույցներն ավարտին հասցնելու համար:

Աղետի հետևանքները վերացնելու գործում անուրանալի է պետության դերը, իսկ այդ աշխատանքները կատարելու, համակարգելու գործընթացում հիմնական և առանձնահատուկ դերակատարը եղել է և մինչ օրս մնում է Քաղաքաշինության ոլորտը կարգավորող գերատեսչությունը:

Որպես համայնքի ղեկավար, ցանկությունս միակն է. զարգացնել Ախուրյանը, ստեղծել է՛լ ավելի հարմարավետ միջավայր՝ ապրելու, գործելու, արարելու համար:

 

Պատրաստեց Հասմիկ Պետրոսյանը
ՀՀ Քաղաքաշինության կոմիտե