Տարածական պլանավորում և բազմակենտրոն համակարգ. պետք է լրացնել «պակասող օղակները»
«Անկախ Հայաստանի կազմավորումից ի վեր, բոլոր կառավարությունների ծրագրերում կարևորվել է երկրի տարածքային համամասնական զարգացումը, սակայն ուղղություններով ձեռնարկված քայլերը ցանկալի արդյունքներ չեն ապահովել:
Տարածքային զարգացման ու կյանքի որակի ակնհայտ տարբերությունները հանրապետության տարածաշրջաններում ակնհայտ են»,- Քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Սարգիս Թովմասյանը Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել իր նկատառումները տարածքային զարգացման բազմակենտրոն մոդելի վերաբերյալ:
Ըստ Սարգիս Թովմասյանի, առանց մեր երկրի հատակագծային կառուցվածքի «պակասող օղակները» լրացնելու, գործնականում անհնարին կլինի ապահովել երկրի բոլոր տարածաշրջանների կայուն ու հավասարակշռված զարգացումը:
1983 թվականին ընդունված՝ «Տարածական պլանավորման Եվրոպական խարտիան» սահմանում է, որ տարածական պլանավորումը ցանկացած հասարակության մեջ տնտեսական, սոցիալական, մշակութային և էկոլոգիական քաղաքականությունների տարածական արտահայտությունն է:
Տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմումը և երկրի տարածաշրջանների հավասարակշռված զարգացումը պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնց թվում են պետական քաղաքականության քաղաքաշինական, բյուջետային, դրամավարկային, հարկային, սոցիալական, ներդրումային և այլ ուղղությունները:
Սակայն անհնար է տարածքային համամասնական ու կայուն զարգացում ապահովել հանրապետության բնակավայրերի տարածքային տեղաբաշխման ներկա համակարգով, քանի որ երկրում կան տարածաշրջաններ, որտեղ բացակայում են տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոնները:
Խնդիրը չի կարող լուծում ստանալ անգամ պետության կողմից առանձին համայնքներին շարունակական դոտացիաների տրամադրման, այլազան ճյուղային ծրագրերի սուբսիդավորման, տնտեսական լծակների կիրառման միջոցով:
Հիմնախնդրի լուծումը ենթադրում է երկարատև, երկրի տարածքային զարգացման քաղաքականությամբ պայմանավորված գործողությունների իրականացում: Դրանց արդյունքները կարող են անմիջականորեն տեսանելի չլինել, սակայն կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ ապագայում զարգացման բազմակենտրոն համակարգի ձևավորման համար:
Մեր երկրում տարածական պլանավորման ոլորտի գերխնդիրը կարելի է համարել բնակավայրերի տարածքային տեղաբաշխման բազմակենտրոն մոդելի ձևավորումը, ինչը զարգացման անհամամասնությունները մեղմելու և երկրի բոլոր տարածաշրջաններում բնակչության համար հանրային ծառայությունները հասանելի դարձնելու առաջնային գրավականն է:
Բազմակենտրոնությունը ենթադրում է համապետական, տարածաշրջանային և տեղական կենտրոնների հավասարակշռված ցանցի ստեղծում:
Ինչպես տնտեսական արդյունավետության, այնպես էլ մարդկային ռեսուրսների առկայության տեսանկյունից ոչ միայն անհնար, այլև անիմաստ է բոլոր գյուղերում (շուրջ 950) հանրային ծառայությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ տեղաբաշխելը՝ դրանք բնակչությանը հասանելի դարձնելու նկատառումով:
Նույնիսկ ամենազարգացած երկրները չեն կարող նման «շքեղություն» թույլ տալ:
Հայաստանի Հանրապետության համայնքների մակարդակում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոններին բնորոշ ենթակառուցվածքներ և լիարժեք ծառայություններ հնարավոր է ապահովել 5000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների (բնակավայրերի) մակարդակում: