Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը փոփոխության կարիք ունի
Քաղաքաշինության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և հիմնախնդիրների լուծման առաջարկները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախագահի խորհրդական Մերի Հայրապետյանն ընդունել է «Քաղաքաշինական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Կազմակերպության նախագահ Ռաֆայել Ավետիսյանը հիմնականում խոսել է գործող իրավական ակտերով շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի հաշվարկման կարգի և դրա համար հիմք հանդիսացող նախահաշվային տարրային նորմերի մասին:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ գործող նախահաշվային տարրային նորմերը թարմացման կարիք ունեն: Անհրաժեշտ է փոփոխել գործող նախահաշվային տարրային նորմերի և շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգերը:
Քաղաքաշինության կոմիտեում այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում՝ մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների և մասնավոր հատվածի հետ (ՃՇԱՀ, Հայաստանի շինարարների միություն, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, «Հայնախագիծ» ընկերություն և այլն):
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Մերի Հայրապետյանը ողջունել է հասարակական կազմակերպության՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված մասնագիտական լուրջ վերլուծությունը, առաջարկել «Քաղաքաշինական ասոցիացիայի» անդամներին՝ այսուհետև ակտիվ մասնակցություն ունենալ վերոնշյալ խնդիրների լուծմանը, պատրաստակամություն հայտնել բարեփոխումներին ուղղված աշխատանքներում ընդգրկել մեծ ներուժ ունեցող երիտասարդ մասնագետներին: