Տիպարային, թե անհատական նախագծերով կառուցված դպրոցներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ծրագրի համակարգողներ Վահրամ Ջալալյանին, ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին, «Թիմ Ֆլինն ճարտարապետներ» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Սեդրակյանին:
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումից մինչև բաց կառավարման համակարգ՝ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի տարբեր հարցեր:
Սակայն առանցքային խնդիրը դպրոցաշինությունն էր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվերի շրջանակներում իրականացված տիպարային դպրոցների նախագծի հիմնարար սկզբունքներից են կրթության նոր պահանջներին համապատասխանող տարածքների ապահովումը, ներառական պահանջների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, շենքի՝ նաև որպես համայնքային կենտրոն օգտագործման հնարավորությունը և այլն:
Դմիտրի Մարիյասինը խոսեց նման նախագիծ կյանքի կոչելու հետ կապված որոշակի դժվարությունների մասին:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներն անդրադարձան ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որի շրջանակներում նախատեսված 46 դպրոցներից ներկայում կառուցվում են 6-ը: Թեև այս ուսումնական հաստատությունները կառուցվում են անհատական նախագծերով, սակայն ձգտել են պահպանել սահմանված չափորոշիչները՝ չզիջելու համար տիպարային նախագծերին:
«Քննարկված բոլոր նախաձեռնություններին պետք է նոր թափ հաղորդել»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հավաստիացրեց, որ Կոմիտեն աջակցելու է ոչ միայն նոր դպրոցների կառուցման, այլև եղածների բարեկարգմանն ու վերանորոգմանը: