Նոր ուսումնական տարում՝ նոր դպրոց. Ավետիք Էլոյանն այցելել է Արագած համայնքի նորակառույց դպրոց
Ավարտին են մոտենում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքները: Կառույցն իրականացվում է 2014-2018 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին: Նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 790 մլն ՀՀ դրամ, պայմանագրայինը՝ շուրջ 693 մլն ՀՀ դրամ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ու Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնք՝ կատարված աշխատանքը վերջնականապես գնահատելու համար:
Իրականացվել են դպրոցի երկու մասնաշենքերի ուժեղացման աշխատանքներ, վերակառուցվել տանիքները, անցկացվել է օդափոխության նոր համակարգ:
Նախկինում դպրոցը ջեռուցում չի ունեցել, հիմա արդեն նորակառույց կաթսայատունը լուծելու է այս խնդիրը: Կատարվել են ջերմամեկուսացման, էներգախնայողության աշխատանքներ: Ամբողջովին հիմնանորոգվել են ուսումնական մասնաշենքերը, հանդիսությունների և մարզական դահլիճները, ճաշարանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը կարևորել է դպրոցը սակավաշարժ խմբի և հաշմանդամների համար հարմարեցնելու հարցը, հանձնարարություններ տվել սանհանգույցներն այդ պահանջներին համապատասխանեցնելու, ջեռուցման մարտկոցների և խողովակների հետ կապված հարցերը շտկելու ուղղությամբ:
Իրականացվել է բարձրորակ շինարարություն՝ դպրոցը կյանքի է կոչել «Ագաթ 777» ընկերությունը, որի հիմնադիր ղեկավար, երջանկահիշատակ Աղվան Կարապետյանը բազում ծրագրեր էր իրականացրել սեփական՝ Արագած համայնքի համար: Դրանցից մեկն էլ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն էր: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց նաև հոգևոր կառույց՝ վերականգնման վերջնական արդյունքին ծանոթանալու համար:
«Ագաթ 777» ընկերության ներկայի տնօրեն Դավիթ Եսայանի փոխանցմամբ, դպրոցի հանդիսությունների դահլիճը, ճաշարանն ու մարզադահլիճը շուտով վերազինվելու են համապատասխան գույքով:
Կատարվում են վերջին՝ արտաքին հարդարման, աշխատանքները, որոնք չեն խանգարելու, որպեսզի սեպտեմբերին 1-ին դպրոցի դռները բաց լինեն: