Ոչ թե էժան, այլ ճիշտ արժեքով իրականացված շինարարություն
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է «Ար և Ար դիզայն քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Արա Պետրոսյանին, «Սոլար Սիթի» նախագծի զարգացման գծով տնօրեն Գարիկ Չիլինգարյանին և գործադիր տնօրեն Հարություն Պետրոսյանին:
Ընկերության նախագծով մայրաքաղաքի Արաբկիր համայնքում իրականացվելիք բնակելի թաղամասի կառույցներում նախատեսված է կիրառել որոշ էներգախնայող տեխնոլոգիաներ: Մեկ այլ՝ Ավանում իրականացվելիք «Սոլար Սիթի» նախագծում՝ ընկերությունը հանդես է գալու նաև որպես կառուցապատող:
Զրոյական էներգասպառումով տները բոլորովին էլ երևակայության ոլորտում չեն. էներգածախսի առավելագույն նվազեցմամբ իրականացված «Հատիս» առանձնատանն արդեն հարդարման աշխատանքներ են կատարվում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նույնպես կարևորեց նորարարական տեխնոլոգիաների ներդրումը: Դպրոցներ, մանկապարտեզներ, սոցիալական բնակարանաշինություն՝ «Ար և Ար դիզայն քոնսթրաքշն» ընկերության ներկայացուցիչները պատրաստ են էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող ծրագրերում համագործակցել պետական կառույցների հետ:
Կարևոր է ոչ թե էժան, այլ ճիշտ արժեքով կառուցելը՝ կիրառելով էներգախնայող տեխնոլոգիաներ, նվազեցնելով կառույցի երկարամյա սպասարկման և շահագործման ծախսերը: