Հուլիսի 25-ը Քաղաքաշինության նախարարության կազմավորման օրն է
1995 թվականի հուլիսի 25-ին, մինչ այդ գործող 4 կառույցների՝ Շինարարության նախարարության, Պետշինի, Կոմունալ տնտեսության միավորման և Գեոդեզիայի և քարտեզագրության ծառայության հիման վրա կազմավորվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Նոր կազմավորված գերատեսչության նախարար է նշանակվել Ֆելիքս Փիրումյանը:
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է այդ դժվարին տարիներին ոլորտի գերատեսչության ղեկավար Ֆելիքս Փիրումյանին:
Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորելով ավագ սերնդի վաստակաշատ գործընկերոջը, անգնահատելի է համարել այն մեծ ավանդը, որ նա ունեցել է ոլորտում: Ավետիք Էլոյանը, մասնավորապես, շեշտել է, որ Ֆելիքս Փիրումյանի՝ Քաղաքաշինության նախարարությունը ղեկավարելու տարիներին են ընդունվել ոլորտի երկու հիմնարար փաստաթղթերը՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքն ու Երկրաշարժակայուն շինարարության առաջին ազգային նորմերը:
<<Դրանք նախարարության, թերևս, ամենածանր, սկզբունքային, կայացման տարիներն էին,- ասել է նախկին նախարարը,- այն ժամանակ գլոբալ խնդիրներ էին դրվում: Առաջին անգամ ազատ տնտեսական շուկայական պայմաններում պետք էր կառավարել և համակարգել քաղաքաշինության ոլորտը: Զգացված եմ, որ այդ ամենը չի մոռացվել և պատրաստ եմ աջակցել ոլորտի հիմնախնդիրները լուծելու հարցերում>>:
1995 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կազմավորման կապակցությամբ, ինչպես նաև շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Ֆելիքս Փիրումյանը պարգևատրվել է <<Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>> ոսկե մեդալով: