Կոմիտեն կապող օղակ. համագործակցության հեռանկարներ
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է Հայաստանում բազալտե մանրաթելերի և ամրանների արտադրությամբ զբաղվող «ARMBAS» ընկերության մարքեթինգի մենեջեր Րաֆֆի Օհաննեսյանին և «Techalgostar co» ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանին:
Պարոն Օհաննեսյանը ներկայացնելով «ARMBAS» ընկերության գործունեությունն ու արտադրությունը, նշել է, որ ամրանների համար որպես հումք օգտագործվում են բազալտի մանրաթելերը, ինչը ամրության, թեթևության, ջրակայունության, ինչպես նաև չժանգոտվող արտադրանք ստանալու գրավական: Դեռևս 2015 թվականից ընկերությանը տրվել է համապատասխան թույլտվություն ամրանները ոչ կրող հատվածներում կիրառելու համար:
«Շինարարության մեջ այս ամրանների կիրառությունը հնարավորություն է տալիս մոտ 10-ն անգամ թեթևացնելու շենքի կշիռը, սակայն այսօր խնդիր կա նորմատիվների (ԳՕՍՏ) վերանայման և թարմացման»,- խոսքն ավարտելով նշել է Րաֆֆի Օհաննեսյանը:
Արմեն Մինասյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի ստեղծել համագործակցություն ընկերությունների միջև, որն էլ իր հերթին կարող է նպաստել հայկական արտադրանքը միջազգային, հատկապես իրանական շուկա արտահանելու գործում:
Անդրե Շահբազյանն էլ նշել է, որ «Techalgostar co» ընկերությունը, որը զբաղվում է հատակների նոր համակարգերի արտադրությամբ, կարող է որպես հումք օգտագործել բազալտե ամրանները:
Տեղեկացնենք նաև, որ «ARMBAS» ընկերության արտադրած ամրանները հնարավոր է կիրառել տների, ջերմոցների, լողավազանների, հատակների, ծածկերի և այլ ոլորտներում:
Ի դեպ. այս ամրաններով այժմ իրականացվում է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու բարեկարգման աշխատանքները: