Կներմուծվի արդյոք շինարարական ընկերությունների վարկանիշային համակարգ. նախահաշվային փաստաթղթերը չեն արտացոլում շինարարության իրական պատ
Վաղուց արդեն հասունացել է ոլորտում շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության փոփոխության անհրաժեշտությունը: Գործունեություն ծավալող ցանկացած շինարարական ընկերություն կարող է փաստել. նախահաշվային փաստաթղթերը չեն արտացոլում շինարարության իրական պատկերը:
Այս խնդրի վերաբերյալ իրենց վերլուծությունն ու առաջարկները Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին են ներկայացրել ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ Ռաֆայել Ավետիսյանը, Գոռ Իվանյանն ու Համլետ Մարտիրոսյանը:
<<Թեև քաղաքաշինությունը ճարտարապետների, շինարարների և ճարտարագետների համատեղ գործունեությունն է, սակայն, հավասարակշռությունը պահպանելու խնդիր կա>>,- Ռաֆայել Ավետիսյանի կարծիքով, բնագավառի յուրաքանչյուր ներկայացուցիչ առավել կարևոր է համարում հենց իր մասնագիտական ոլորտը: Քաղաքաշինական սուբյեկտների փոխհամագործակցությունը հավասարակշռելու համար պետք է լուծել երկու կարևոր հիմնախնդիր՝ գնագոյացման և քաղաքաշինական օբյեկտների դասակարգիչների:
Մասնագիտական հանրության ներկայացուցիչները Կոմիտեի ղեկավարին առաջարկել են ազատականացնել գնագոյացման համակարգը (որպեսզի շուկայում ցանկացած շինարարական աշխատանք ունենա ձևավորված արժեք) և ապագայում ներմուծել ոչ միայն օբյեկտների դասակարգման, այլև շինարարական, ինժեներական, նախագծային ընկերությունների վարկանիշային համակարգ:
Այս դեպքում արդեն դեռ մասնագիտական ուղի չանցած, մի քանի հոգուց բաղկացած ընկերությունը չի կարող ձեռնամուխ լինել հատուկ մասնագիտական հմտություններ պահանջող կարևոր, մեծածավալ օբյեկտների կառուցմանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը կարևորելով երկու խնդիրներն էլ, նշել է, որ բարձրացված հարցերը Կոմիտեի ղեկավարության ուշադրություն կենտրոնում են: Փոփոխություններն իսկապես անհրաժեշտ են, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին զգալիորեն կարող է աջակցել մասնագիտական հանրությունը: