«Հատակներ. հարմարավետության նոր ցուցանիշ». քննարկվել են նոր տեխնոլոգիայի ներդրման և արտադրության հեռանկարները
Հատակների համակարգ, որը թույլ է տալիս երկարացնել շենքերի կյանքը, հեշտորեն փոխել կառույցի գործառույթն ու թեթևացնել քաշը:
Նոր տեխնոլոգիան հրակայուն է, թույլ է տալիս կրճատել շենքերի հիմնանորոգման ժամկետները, և, վերջապես, լուծել տարատեսակ մալուխների խնդիրը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին նման արտադրություն Հայաստանում կազմակերպելու հեռանկարներն է ներկայացրել «Techalgostar co» ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանը:
Հայաստանյան շուկան փոքր է, սակայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրանահայ գործարարների համար: Ներքին շուկայի պահանջները բավարարելու համար կարող են կիրառվել ինչպես տեղում արտադրություն սկսելու, այնպես էլ ներկրած հումքը վերամշակելու տարբերակները:
Ուշագրավ է, որ ապակուց, թե որևէ այլ նյութից՝ հատակները լինելու են էկոլոգիապես անվնաս:
Այս պահին դժվար է ասելը, թե հատակների նոր համակարգն ինչպիսի պահանջարկ կունենա շինոլորտում, սակայն մեկ բան պարզ է. դրանց արդյունավետությունն ավելի մեծ կլինի, եթե նոր տեխնոլոգիան նախատեսվի արդեն նախագծման փուլում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ողջունելով ոլորտում արտադրություն սկսելու նախաձեռնությունը, առաջարկել է առավել մանրամասն ծրագիր ներկայացնել՝ պատրաստակամություն հայտնելով այն քննարկել շինարարների ու ճարտարապետների հետ: