Հեղինակության և այլ ռիսկերի կառավարումը՝ օրակարգում
Հեղինակության, ռազմավարական, մարդկային ռեսուրսների՝ ընդանուր առմամբ վեց բաղադրիչներ պարունակող ռիսկերի գնահատման հարցաթերթիկներ են այսօր բաժանվել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի Ներքին աուդիտի բաժնի կողմից անցկացվող ճանաչողական դասընթացի մասնակիցներին:
Այսօր դժվար է պատկերացնել որևէ հեղինակավոր կառույց, որը կարող է իրեն թույլ տալ շրջանցել հնարավոր ռիսկերը՝ առանց վերլուծելու դրանց շրջանակը: Ավելին՝ ռիսկերի կառավարումը կազմակերպության կառավարման կարևորագույն տարրերից է, որը վերաբերվում է կառույցի բոլոր գործառույթներին:
Ուշագրավ է, որ աուդիտորական հանձնառության իրականացման ընթացքում, աուդիտորներն իրավունք ունեն օգտվելու կազմակերպության ամբողջ՝ այդ թվում գաղտնի տեղեկատվությունից, համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի հասանելիության կարգի:
Ներքին աուդիտի բաժնի պետ Սիմոն Աբրահամյանը դասընթացի մասնակիցներին առավել մանրամասն ծանոթացրել է ներքին աուդիտի նպատակներին՝ պատասխանելով հիմնականում աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարների ու աշխատակիցների աջակցության, սուբյեկտիվության բացառման ու նման տեղեկատվություն տրամադրելու մոտիվացման մասին ծագած հարցերին:
Խոսվել է նաև ռիսկերի գնահատման ընթացքում ոչ միայն առնվազն տարին մեկ անգամ, այլև արտաքին ու ներքին միջավայրերում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակ կազմակերպության գործընթացի նկարագրերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտության մասին: