ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոմիտեի կողմից 2016, 2017 և 2018 թվականներին կատարված աշխատանքները:
Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտ
• Մշակվել և քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով Գառնի և Լանջազատ համայնքների վարչական սահմաններում առանձնացվել են հատուկ կարգավորման տարածքներ:
• Մշակվել և քննարկման է ներկայացվել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանն ուղղված ողջ գործընթացի հստակեցման, իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
• Իրականացվել են առողջապահական հաստատություններին ներկայացվող ՀՀ–ում քաղաքաշինական գործող նորմերի ուսումնասիրություններ և միջազգային նորմերի համեմատական վերլուծություն:
• Մշակման փուլում է գտնվում «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:
• Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով մշակված և գործող էլեկտրոնային www.e-permits.am միասնական համակարգը փոփոխված ընթացակարգերին համապատասխանեցնելու համար:
• «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման շրջանակներում կապալառու նախագծային կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերի համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի իրականացման համար:
• Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ մշակված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով (ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 06.12.2017թ.) նախատեսված կարգին համապատասխան 17.03.2018 թվականին ստեղծվել է ոլորտը կարգավորող մասնագիտական միավորում (Ճարտարապետների պալատ), որը ֆիզիկական անձանց անդամակցության վրա հիմնված ոչ առևտրային, ոչ կառավարական հաստատություն է, գործելու է ինքնակարգավորման սկզբունքով, ունենալու է ազգային, համապետական ընդգրկում և այդ լիազորություններով միակն է երկրում:
Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման ոլորտ
• Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և ազգային անվտանգության ապահովման նպատակով շենքերի և շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց սեյսմակայունության և հուսալիության բարձրացման նպատակով մշակվել է ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» ՀՀ շինարարական նորմերի վերանայման և հաստատման գործողությունների ժամանակացույցը:
• Հանրապետության մարզերում առկա բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների շինարարության ավարտման, հետագա օգտագործման, ինչպես նաև վթարավտանգ կիսակառույցների քանդման արդյունքում կառուցապատման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը»:
• Մշակվել և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հավանության է արժանացել «ՀՀԿՀ 23-101-2017 «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածուն»:
Շինարարության ծավալներն ըստ ֆինանսական աղբյուրների
Կառուցապատման ներդրումային ծրագրեր
Կոմիտեի կողմից իրականացվել են կառուցապատման ներդրումային ծրագրերի կառավարում, համակարգում, վերահսկողություն և մոնիթորինգ:
Կոմիտեի կողմից համակարգվում է թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվում են պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին (19-ը` պետական և 35-ը` մասնավոր): Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների գերակշռող թվի շինարարական աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
Նշված ծրագրերից ծավալներով առանձնանում են՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ներկայիս Ֆիրդուսի շուկայի տարածք), «Նոյ» ազգագրական թաղամասի, «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրերը, իսկ քաղաքաշինական առումով՝ Ջերմուկ և Գյումրի քաղաքներում, «Սևան ազգային պարկի» տարածքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերը:
Կոմիտեի կողմից համակարգվում են մի շարք խոշոր կառուցապատման ներդրումային ծրագրեր.
Այդ թվում.
• Ջերմուկ քաղաքում բնական թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանային համալիրով SPA կենտրոնի և երկու հյուրանոցային համալիրների կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ներկայումս ընթանում են նշված կառույցների նախագծման աշխատանքները:
• Ջերմուկի քաղաքային հրապարակից մինչև ըմպելասրահ հետիոտն սալահատակված փողոցի կազմակերպման ներդրումային ծրագիր:
• Ժամանցային կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիր (Ջերմուկի լճի առափնյա սրճարանի տեղում):
• Քաղաքի գոյություն ունեցող մշակութա-առողջարանային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիր:
• «Սևան ազգային պարկի» տարածքում քաղաքաշինական խնդիրների կանոնակարգման և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով մշակվել է`
- Սևանի թերակղզում դեպի եկեղեցի տանող ճանապարհի և շրջակա որոշ տարածքների վերահատակագծման էսքիզային առաջարկություն.
- Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ:
Բնակարանային-կոմունալ ոլորտ
• Կոմիտեի կողմից իրականացվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքները:
• ՀՀ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման (նորոգման) պետական աջակցության մոտեցումները և ուղղությունները գտնվում են քննարկման փուլում, որի արդյունքներով էլ նախատեսվում է սկսել «Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման (նորոգման) պետական աջակցության համակարգված մեխանիզմների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման աշխատանքները: