Գնագոյացման խնդիրները՝ ուշադրության կենտրոնում
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է շինարարության մեջ գնագոյացման խնդիրներին վերբերող խորհրդակցություն, որը վարել է Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:
Քննարկմանը մասնակցող կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները, կոնստրուկտորնեը և կոմիտեի մասնագետները քննարկել են գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև՝ առաջիկայում տպագրության նախապատրաստվող` ՀՀ-ում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների (ՇԱԽՑ) ժողովածուն:
Արմեն Ղուլրյանը ողջունելով ներկաներին, անդրադարձել է խնդրո առարկա ժողովածուին, որը կյանքի է կոչվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում՝ կառուցապատող ընկերությունների կողմից բարձրացված մի շարք հարցերի լուծում տալու նպատակով: Վերջինս ներառելով նրանց ներկայացրած առաջարկները՝ ուղեցույցի դեր կարող է կատարել մասնագետների համար:
Կոմիտեի ներկայացուցիչ Ա. Նազարեթյանի գնահատմամբ էլ՝ երկարատև աշխատանքի, տարբեր երկրների մեթոդաբանությունների ուսումնասիրության արդյունքում մշակվել է հայեցակարգ, ըստ որի՝ ընդունելին խոշորացված ցուցանիշներով արժեքների հաշվարկման մեթոդն է:
Քննարկման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել, միաժամանակ՝ առաջարկություններ ներկայացնելով ժողովածուի տարբեր կետերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը, Ա. Ղուլարյանը նշել է, որ արված առաջարկությունների համատեքստում լրամշակումներ կատարելուց հետո առաջիկայում նոր քննարկում կկազմակերպվի: