Քննարկման թեման՝ կառուցապատման ընթացակարգը առավել պարզ և մատչելի դարձնելն էր
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օրերս հանրապետության նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին տրված հանձնարարականը՝ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և գործարարությամբ զբաղվելու (Doing Business) ցուցիչով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու վերաբերյալ:
Այս հարցը ներառված է և՛ ՀՀ կառավարության ծրագրում, և՛ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի գերակա խնդիրների ցանկում և բազմիցս քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ:
Խորհրդակցությունը, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, մատակարար կազմակերպությունների ներկայացուչիցները:
Խորհրդակցության ժամանակ հանգամանալի ներկայացվել է քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացակարգը, որը սահմանվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ:
Ծավալված քննարկման ընթացքում խորհրդակցության մասնակիցները, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են իրենց մտահոգությունները և հուզող հարցերը, պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, առաջարկելով՝ նոր համակարգի կայացմանը հասնել այլընտրանքային լուծումները չբացառելու միջոցով:
Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն առաջարկել է խնդրո առարկա թեմային անդրադառնալ մեկ շաբաթ անց, երբ գործընթացում ներգրավված մարմինները՝ նկատի առնելով և վերլուծելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ ընդհանրական եզրակացության կհանգեն: