Հաշվետվություն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ներկայացվում է Կոմիտեի կողմից 2017 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտ
• Կոմիտեն՝ Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ, մշակել է <<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվե է 06.12.2017թ.: Օրենքով նախատեսվում է ոլորտը կարգավորող մասնագիտական միավորման՝ ճարտարապետների պալատի ստեղծումը, որը լինելու է ֆիզիկական անձանց անդամակցության վրա հիմնված ոչ առևտրային, ոչ կառավարական հաստատություն, գործելու է ինքնակարգավորման սկզբունքով, ունենալու է ազգային, համապետական ընդգրկում, այսինքն այդ լիազորություններով լինելու է միակը երկրում:
Պալատն իրականացնելու է ճարտարապետների արտոնագրումը և գրանցումը (ճարտարապետների ռեեստրի վարում), հաստատելու է էթիկայի կանոնները և վերահսկելու է դրանց կատարումը, մշակելու է անընդհատ ուսուցման ծրագրեր և կազմակերպելու է դասընթացները, սահմանելու է շրջանավարտների պրակտիկայի կանոնները, կազմակերպելու և հետևելու է դրանց պատշաճ անցկացմանը, մշակելու է պայմանագրերի օրինակելի ձևեր, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումներ:
• Դիլիջան քաղաքի հատուկ կարգավորման գոտու սահմանների մասով, խոշորացված համայնքների մասով փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 26.06.2009թ. N728-Ն որոշման մեջ (ՀՀ կառավարության 01.06.2017թ. N605-Ն որոշում):
• Նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինությունների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջների սահմանման, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով համապատասխան լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման մեջ (ՀՀ կառավարության 23.03.2017թ. N280-Ն և 12.10.2017թ. N1270-Ն որոշումներ):
• Մշակվել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույցը, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին, համայնքներում քննարկելու և ուղեցույցին համապատասխան տանիքների գունային լուծումների նկատմամբ սահմանափակումների հաստատման առաջարկությամբ:
• Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջներն ըստ շինարարական օբյեկտների ռիսկայնության աստիճանի դասակարգելու և այդ փաստաթղթերով էներգախնայողությանը ներկայացվող պահանջներ սահմանելու նպատակով Կոմիտեի նախագահի 11.09.2017թ. N128-Ն հրամանով հաստատվել են <<Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները>> (ՀՀ արդարադատության նախարարության գրանցման համարը՝ N1171737, 15.09.2017թ):
• Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերանայման (ընթացակարգերի օպտիմալացման, անարդյունավետ գրագրության կրճատման, փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների հստակեցման) նպատակով համապատասխան փոփոխություններ է կատարվել ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման մեջ (ՀՀ կառավարության 14.12.2017թ. N1645-Ն որոշում):
• Քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով: Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները:
• «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման շրջանակներում կապալառու նախագծային կազմակերպությունների կողմից մշակվել են ՀՀ Տավուշի մարզի համայնքների թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, որոնք ներկայումս համաձայնեցման և հաստատման փուլում են:
• Համակարգվել են համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման, դրանցում փոփոխությունների կատարման աշխատանքները:
• Ներկայացվել են առաջարկություններ Լճաշեն Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Առաջարկվել է Լճաշեն-Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալ մանրամասն գոտևորում, առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքները, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը կանոնակարգված նախագծի շրջանակներում:
Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման ոլորտ
• Շենքերի սեյսմակայունության բարձրացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ ունենալու և տարբեր մարմինների կառավարման ոլորտում գտնվող շենքերի մասով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար ռազմավարական ուղենիշեր ապահովելու նպատակով Կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 14.09.2017թ. N39 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման 2018-2030 թվականների ռազմավարությունը:
• Մշակվել է Կոմիտեի նախագահի 13.04.2017թ. N56-Ն հրամանով հաստատվել է «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը» (սահմանված կարգով պետական գրանցում է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից):
• Մշակվել և Կոմիտեի նախագահի 23.08.2017թ. N118-Ա հրամանով հավանության է արժանացել Համաշխարհային բանկի «Աղետների և դրանց հետևանքների նվազեցման գլոբալ նախաձեռնության» «Անվտանգ դպրոցներ» ծրագրի տեխնիկական աջակցության շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող դպրոցական շենքերի սեյսմակայուն վերակառուցման և նոր դպրոցական շենքերի նախագծման ուղեցույցը»:
• Նախակրթական ուսումնական հաստատությունների սենյակների և տարածքների ցանկի և դրանց մակերեսների գործող նորմատիվ պահանջները վերանայելու նպատակով՝ Կոմիտեի նախագահի 26.12.2017թ. N173-Ն հրամանով (26.12.2017թ. պետական գրանցման է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն), համապատասխան փոփոխություններ է կատարվել ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերում:
• Մշակվել է «Մոդուլային դպրոցների տիպարային նախագծերի կատալոգը հաստատելու մասին» հրամանի նախագիծը, որը հաստատվել է Կոմիտեի նախագահի 29.12.2017թ. N 175-Ն հրամանով (29.12.2017թ. պետական գրանցման է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն):
• Մշակվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում) ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 23.02.2017թ. N8 արձանագրային որոշմամբ:
• Կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 6-ի N31-Ա հրամանով հաստատվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով, իսկ 2017 թվականի մարտի 3-ի N30-Ա հրամանով՝ «Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններ և տեխնիկական անձնագրավորում» ծրագրով 2017 թվականին իրականացվելիք միջոցառումները:
• Մշակվել և Կոմիտեի նախագահի 01.12.2017թ. N162-Ա հրամանով հաստատվել է Կոմիտեի սողանքային աղետի կառավարման գործողությունների պլանը:
• Շինարարության ոլորտում վիճակագրության տվյալների հավաքագրման գործընթացի բարելավման նպատակով մշակվել է քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերի և լրացման կարգերի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին հրամանի նախագիծը, որը գտնվում է շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում:
Կառուցապատման ներդրումային ծրագրեր
Կոմիտեի կողմից իրականացվել են կառուցապատման ներդրումային ծրագրերի կառավարում, համակարգում, վերահսկողություն և մոնիթորինգ:
Կոմիտեի կողմից համակարգվող թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրերն իրականացվում են պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին (19-ը` պետական և 35-ը` մասնավոր), որոնց 2017 թվականի ընդհանուր կատարողականի կանխատեսման ցուցանիշը (01.12.2017 թ.դրությամբ) կազմել է մոտ 87 340 000 ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների գերակշռող թվի շինարարական աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
Միևնույն ժամանակ, նշված ներդրումային ծրագրերի կանխատեսման ցուցանիշը (01.01.2018 թ.դրությամբ) կազմել է 99 100 000 ԱՄՆդոլար:
Նշված ծրագրերից ծավալներով առանձնանում են՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (ներկայիս Ֆիրդուսի շուկայի տարածք), «Նոյ» ազգագրական թաղամասի, «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրերը, իսկ քաղաքաշինական առումով՝ Ջերմուկ և Գյումրի քաղաքներում, «Սևան ազգային պարկի» տարածքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորմա օբյեկտների տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերը (ներդրումային ծրագրերի մասով տեղեկատվությունը մանրամասն ներկայացված է գերակա խնդիրների լուծման վերաբերյալ հաշվետվության մեջ):
Բնակարանային-կոմունալ ոլորտ
Շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 560.0 մլն. դրամ միջոցների հաշվին, լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:
Ընդհանուր առմամբ ծրագիրը կատարված է 90%-ով (2008-2017թթ. մոտ 65 մլրդ ՀՀ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր): Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի, կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ, ինչի համար կպահանջվի մոտ 4.0 մլրդ ՀՀ դրամ (ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված է 460.0 մլն. ՀՀ դրամ, որի հաշվին նախատեսված է լուծել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի մոտ 50 ընտանիքի բնակարանային խնդիր):
Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ:
Կոմիտեի կողմից 11.09.2017թ. Երևան քաղաքում կազմակերպվել է «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» աշխատաժողովը՝ ՄԱԿ-ԵՏՀ, ՄԱԿ-Հաբիթաթի, ՄԱԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ԵՏՀ բնակարանային և հողերի կառավարման կոմիտեի 13.12.2016 - 16.12.2016թթ. կայացած 77-րդ նստաշրջանի ընթացքում հաստատված և 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) հրատարակված՝ Հայաստանի բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման մասով Երկրի նկարագիրը (Country Profile) և քննարկվել են Ազգային Գործողությունների Ծրագրի միջոցով դրանց իրականացման հնարավորությունները:
Ազգային Գործողությունների Ծրագրի նախագիծը՝ աշխատաժողովին ներգրավված միջազգային փորձագետների և մասնակից այլ մարմինների ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, ներկայումս գտնվում է վերջնական լրամշակման փուլում, որից հետո այն սահմանված կարգով կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ Կոմիտեի առաջարկությունները՝ նախագծի տեսքով:
Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված ծախսային ծրագրեր
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով հատկացված շուրջ 3.1 մլրդ միջոցների շրջանակներում նախատեսվել են՝
1. թվով 32 օբյեկտի շուրջ 2.9 մլրդ. դրամի շինարարական աշխատանքներ.
Այդ թվում՝ 17 կրթական (մանկապարտեզներ, դպրոցներ և միջին մասնագիտական կրթության հաստատություններ), 5 մարզական, 7 մշակութային, 1 առողջապահական, 1 բնակարանաշինության, 1 վարչականօբյեկտ):
Ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը և Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը, ավարտական փուլում են գտնվում Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները և Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները:
2. թվով 27 օբյեկտի (ծրագրերի) շուրջ 200.0 մլն. դրամի նախագծահետազոտական աշխատանքներ:
3. Բացի այդ Կոմիտեի կողմից համակարգվել են պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման աշխատանքները:
Ծրագիրն իրագործվում է փուլային սկզբունքով՝ սկսած 2014 թվականից, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6, 6/1 և 6/2 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների շինարարական աշխատանքների մեկնարկով:
Երեք փուլերի արդյունքներով կառուցված (-վելիք) բնակարանների թիվը կազմում է 735 (2017 թվականին շահագործման Է հանձնվել 266 բնակարան):
2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում հավանության է արժանացել նաև ծրագրի 4-րդ իրագործման նախնական տարբերակը (Ադոնց փողոցի N4 և 4/3 հասցեներ, 265 բնակարան):
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շահագործման հանձնել ընդհանուր թվով 1000 բնակարան: Ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2019-2020 թթ: