Ուշադրության կենտրոնում քաղաքաշինության և բնակարանային տնտեսության խնդիրներն են
Այսօր Երևանում կայացավ «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» խորագիրը կրող աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, միջազգային փորձագետներ ՄԱԿ ԵՏՀ-ից, ՄԱԿ-Հաբիթաթից, ՌԴ-ից, Միացյալ Թագավորությունից, ՄԱԶԳ-ի հայաստանյան գրասենյակից, պետական շահագրգիռ մարմիններից:
Աշխատաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր քաղաքաշինության պետական կոմիտեի, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում, քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման համատեքստում Երկրի Նկարագրի հիմնական արդյունքները, դրանց իրականացման հնարավորությունները` Ազգային Գործողությունների Ծրագրի միջոցով, անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակներում մշակված Գորիս քաղաքի համար Խելացի Կայուն Քաղաքի Նկարագրի արդյունքներին և այլն:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, կարևորելով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքի արդյունքը և հետագա համագործակցությունը:
Աշխատաժողովին զեկույցով հանդես են եկել նաև Կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, վարչության խորհրդական Եվգենյա Աթայանը, գլխավոր մասնագետ Հասմիկ Խաչատրյանը, ովքեր մանրամասն ներկայացրել են
*Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակը, դրանց վերականգնման և վերանորոգման մոտեցումները,
*Հայաստանի Հանրապետության Ազգային Գործողությունների Պլանի իրականացմանն ուղղված հետագա քայլերը,
* Պետության մասնակցությունը բնակարանային խնդիրների լուծման հարցում թեմաներով զեկույցներ:
Աշխատաժողովի ավարտին Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ելույթների և ներկայացված զեկույցների համար, կարևորել է համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձառությունները ու աշխատանքի շարունակականությունը: