Նշվեց Շինարարի մասնագիտական տոնը
Շինարարի մասնագիտական տոնի առթիվ այսօր «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցային համալիրում կազմակերպված տոնական հանդիսությանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը շնորհավորանքի խոսքեր ուղղելով շինարարներին՝ պատվոգրեր և հուշամեդալներ են հանձնել բնագավառի ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը:
Կ. Կարապետյանը նաև նշել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար:
Շինարարի օրվա առթիվ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը իրենց շնորհավորանքի ու երախտիքի խոսքը ուղղեցին շինարարներին` մաղթելով, որ այսուհետ ևս իրենց աշխատանքի միջոցով ստեղծեն քաղաքաշինական ներդաշնակ միջավայր:
Տոնական միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Շինարարի օրվա առթիվ, ինչպես նաև երկարամյա աշխատանքային գործունեության և շինարարության ոլորտում ունեցած ավնադի համար <<Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>> ոսկե մեդալով պարգևատրվեցին ոլորտի մի խումբ արժանավորներ: