ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.06.2017

Գործնական քայլեր կձեռնարկվեն նորարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառության նպատակով

2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացել է կոմիտեի նախագահին կից գործող ինժեներատեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նորարարական տեխնոլոգիաների զարգացման, ներդրման ու կիրառության շրջանակների ընդլայնման նպատակով քննարկման են ներկայացվել երկու առաջարկներ` նոր կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) շենքերում սեյսմամեկուսացման համակարգերի ներդրման առավելությունների, տնտեսական շահավետության և դրանց կիրառության ընդլայնման, ինչպես նաև «Ամուռկավ» ապրանքային անվանմամբ ջերմաձայնամեկուսիչ արհեստական կերամիկական քարից մոդուլային տիպի տների («Նոր տուն») կառուցման վերաբերյալ:

Սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության վերաբերյալ հարցը ներկայացվել է տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի կողմից:

Նիստի մասնակիցները նշել են, որ սեյսմակայուն շինարարության ոլորտում սեյսմամեկուսացման հատուկ համակարգերի կիրառությունը, որը աշխարհում համարվում է զարգացող և առաջավոր նորարարական տեխնոլոգիա, ներդրվել է նաև Հայաստանում: Սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ապահովվել է նախագծման և շինարարության համար անհրաժեշտ նորմատիվային դաշտ: Հանրապետությունում ներդրվել է նաև ռետինամետաղե սեյսմամեկուսիչների արտադրություն։


Սեյսմամեկուսացման տարբեր համակարգերի կիրառությամբ հանրապետությունում արդեն իսկ կառուցված են շուրջ 48 տարբեր նշանակության և կոնստրուկտիվ համակարգի շենքեր, որոնք անցել են որոշակի փորձաշրջան: Հաշվի առնելով կուտակված փորձը, սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության ընդլայնման հնարավորության վերաբերյալ հարցն առաջարկվել է քննարկել այդ շենքերում տեղադրված ռետինամետաղե սեյսմամեկուսիչների և շենքերի փաստացի տեխնիկական վիճակի համակողմանի ուսումնասիրությունների, ինչպես նաև՝ ավանդական եղանակներով և սեյսմամեկուսացման համակարգերի կիրառությամբ նախագծված տարբեր հարկայնությամբ ու կոնստրուկտիվ համակարգի շենքերի շինարարության արժեքների (ներառյալ սպասարկման ծախսերը) տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքների հիման վրա:

«Ամուռկավ» ապրանքային անվանմամբ ջերմաձայնամեկուսիչ արհեստական կերամիկական քարի ֆիզիկամեխանիկական հատկությունների և դրանց կիրառությամբ մոդուլային տիպի տների կառուցման վերաբերյալ առաջարկը ներկայացվել է «M & MAVR» բաց բաժնետիրական ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Համամչյանի կողմից:

Քննարկման արդյունքում մասնագետների կողմից արտահայտված կարծիքի համաձայն «Ամուռկավը» որպես էկոլոգիապես մաքուր և հրակայուն ջերմաձայնամեկուսիչ նյութ, ֆիզիկամեխանիկական հատկությունների և այլ առանձնահատկությունների, ինչպես նաև շուկայում շրջանառվող այլ ջերմամեկուսիչ նյութերի նկատմամբ ունեցած առավելությունների շնորհիվ կունենա կիրառության լայն շրջանակներ և պահանջարկ: Առաջարկությունն արժանացել է հավանություն և որոշվել է աջակցել «Ամուռկավի» արտադրության կազմակերպման, ներդրման և անհրաժեշտ նորմատիվ դաշտի ապահովման գործընթացին:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի կողմից ամփոփվել են քննարկման արդյունքները և հստակեցվել դրանց հետագա ներդրման նպատակով անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը: