Ի նպաստ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման
ՀՀ ԿԱ քաղաքինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման և անվտանգ շահագործման վերաբերյալ:
Առաջարկություններում մասնավորապես ներառվել են հետևյալ կետերը.
• Բազմաբնակարան շենքի մասնագիտացված կառավարչի ինստիտուտի ներդրում,
• շենքի կառավարման գործընթացում սեփականատերերի ձևավորված վարքագծի բարելավում,
• շենքերի և դրանց բնութագրող տվյալների միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի (ռեեստր) ստեղծում, որի արդյունքում պետք է իրականացվի բազմաբնակարան շենքերի անձնագրավորում:
Առաջարկվել է նաև.
• բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման, վերանորոգմանն ուղղված աջակցության համակարգված մեխանիզմների ներդրում,
• շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացում,
• շենքերի կառավարման, պահպանման և շահագործմանն ուղղվող ֆինանսական հոսքերի գործուն համակարգի ներդրում,
• շենքերի կառավարման, պահպանման և շահագործմանն հարցերում մասնակից բոլոր կողմերի (այդ թվում՝ պետության և համայնքի) <<դերերի բաշխում>>, իրավունքների և պարտավորությունների հստակեցում:
Հարկ է նշել, որ ներկայացված առաջարկությունների մի մասը ներառված են ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված՝ <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում: