Լոռու մարզպետարանում քննարկման թեման քաղաքաշինության ոլորտի հիմնահարցերն էին
ՀՀ Լոռու մարզպետարանում կայացել է խորհրդակցություն՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի, Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի համայնքապետերի, Կոմիտեի, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության հիմնական թեման՝ ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերի կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով չնախատեսված ոչ հիմնական շինությունների փաստագրման և դրանց հաջորդաբար հեռացման համար նախադրյալների ստեղծման նպատակով ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ձևավորումն էր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև՝ Լոռու մարզի բնակավայրերում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտման, Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ կառուցված բազմաբնակարան շենքերում առկա չբաշխված բնակարանների հետագա տնօրինման և Սպիտակ քաղաքում 2001-2004 թվականների ՀՀ պետական բյուջեների, «Լինսի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերի՝ դեռևս պետական սեփականություն հանդիսացող բնակարանների, նկուղների և բացվածքների հետագա տնօրինման-տիրապետման հետ կապված հարցերը: