Ավանդական դարձած այց՝ սահմանապահ զինվորին
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը կոմիտեի աշխատակիցների հետ Ամանորի նախօրյակին այցելել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Արարատի մարզի N զորամասի հենակետեր:
Կորպուսի հրամանատարի տեղակալ Վ. Վարդանյանի ուղեկցությամբ նա հանդիպել և զրուցել է դիրքապահ՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, խնդիրներով, ծանոթացել նրանց օրակարգին: Կոմիտեի նախագահի տեղակալը ողջ աշխատակազմի անունից շնորհավորել է սահմանապահ զինվորներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանալով նրանց ամուր կամք, անվտանգ ծառայություն, և զգոնություն՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու և դիմակայելու համար:
Կոմիտեի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել զորամասի ինժեներական կառույցների բարեկարգմանն աջակցելու հարցում՝ էլ տեխնիկա ու այլ նվերներ հանձնելով՝ դիրքապահներին և վստահեցնելով, որ զինվորի հանդեպ մշտական ուշադրությունն ու սրտացավությունը բոլորիս պարտքն է: