ՀՀ կառավարության 3-րդ շենքը այսուհետ հավասար հնարավորություններ կապահովի
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում օրերս ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման աշխատանքները՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շին աշխատանքներն իրականացրել է «ՎԱԱՄ» ՍՊ ընկերությունը:
Մուտքի թեքահարթակը, որը համապատասխանեցվել է գործող քաղաքաշինական նորմերին` տաքացվող է և բռնակով, իսկ շենքի մուտքի դռները` ավտոմատացված: ՀՀ կառավարական 3-րդ տան շենքի ներսում գործում է հատուկ վերելակ՝ նախատեսված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար: Ընդհանուր վերելակները նույնպես հարմարեցված են հենաշարժական, ինչպես նաև՝ տեսողական և լսողական խնդիրներ ունեցողների համար (ձայնային ազդանշան և բրալյան համակարգ): Կառավարական 3-րդ շենքի բոլոր 7 հարկերում էլ սանհանգույցները հարմարեցված են:
Հիշեցնենք, որ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի, և ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային որոշմամբ է հավանության արժանացրել այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների ցանկը:
Ի դեպ. ամանորյա տոներից հետո ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները, որոնց անմիջական վերահսկողությամբ են կատարվել շինարարական աշխատանքները, շրջայց կկազմակերպեն վարչական շենքում թե լրատվամիջոցների ներկայացուցիչների, թե հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար` տեղում ներկայացնելով կատարված աշխատանքները: