Փոքր կենտրոնի մասին օրենքը՝ 2017-ին
2016 թվականին քաղաքաշինության կոմիտեի հիմնական ձեռքբերումների ցանկում Նարեկ Սարգսյանը հատկապես կարևորել է օրենսդրական գործունեությունը, որոնց արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն: Այդ համատեքստում նա առանձնացրել է «Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը բազմաթիվ քննարկումների արդյունքում է ընդունվել և այժմ Ազգային Ժողովում է: Այն պատասխանում է բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կան կառուցապատման մեջ: Կարևորել է նաև՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հետևանքը լինելու է ճարտարապետների պալատի ստեղծումը, այսպիսով էլ կկանոնակարգվեն մասնագիտական ոլորտում առկա շատ խնդիրներ: Պակաս կարևոր չեն պետական փորձաքննական ինստիտուտի վերստեղծումը, որի բացակայությունն անկախության շրջանում մասնագիտական դաշտում զգալի էր և շինթույլտվությունների դյուրացումները, ի մասնավորի որպես տնտեսական գործունեություն՝ սեփական տների, ջերմատների, պահեստների կառուցման դեպքում բարդ գործընթացներից զերծ լինելը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը օրենսդրական նախաձեռնությունների թվում հիշատակել է նաև վաստակավոր շինարարի կոչումը վերականգնելու համար կատարված օրենսդրական աշխատանքը և այլն:
Նախարարությունից՝ կոմիտե
Այս թեման ևս հուզողներից էր՝ հատկապես գործառույթների իրացման տեսանկյունից` ո՞րն էր ավելի արդյունավետ: Այս հարցին Նարեկ Սարգսյանը հումորով է պատասխանում՝ «Եթե անկեղծ պատասխանեմ, կոմիտեն էլ գուցե վարչություն դարձնեն»: Իր իսկ խոսքով՝ առաջիկա տարում քաղաքաշինության պետական կոմիտեն 500 միլիոն դոլարի ներդրում է ակնկալում: Սարգսյանն իր ժամանակի զգալի մասը ներդրումային ծրագրերի վրա ծախսելով` վստահ է, որ 2017-ին արդյունքները տեսանելի կլինեն այս բնագծում:
Ներդրումային քաղաքաշինական ծրագրերից Կոմիտեի ձեռքբերումների թվում նա նշում է և՛ Ֆիրդուսի շուկայի տարածքի կառուցապատումը, և´ Հին Երևանը՝ Աֆրիկյաններով և Արամ Մանուկյանի տան վերակառուցմամբ:
«Այս տարի Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի մոտ 20%-ում կառուցապատման աշխատանքներ են տարվել: «Հին Երեւան» ծրագիրը նույնպես սկսել է իրականանալ: Աֆրիկյանների տունը իր արժանի տեղը կգտնի այստեղ, իսկ Արամ Մանուկյանի տունը վերակառուցվելուց և ուժեղացվելուց հետո անպայման կունենա հայտնի պետական գործչին վերաբերող թանգարանային հատված: Վստահ եմ՝ կառավարությունն այս հարցը կբարձրացնի ներդրողի առջև և վստահ եմ, ներդրողն էլ ընդառաջ կգնա, քանի որ դրան սպասում են բոլորը: Կարծում եմ՝ դա ճիշտ լուծում կլինի»:
Պուշկին–Աբովյան, Պուշկին-Նալբանդյան հատվածում գտնվող շենքերի մասին խոսելով՝ մասնավորապես անդրադառնալով «Դոլմամա»-ի, հրշեջների և այլ շենքերի, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասաց, որ այդ հատվածում կան շենքեր, որոնք հուշարձանների ցանկում են և չպետք է քանդվեն:
«Կան նաև ոչ հուշարձան շենքեր, որոնք ձևավորում են փողոցի դիմագիծը, դրանք ևս չպետք է քանդվեն: Տեղյակ են մեր դիրքորոշմանը և՛ քաղաքապետարանը, և՛ ներդրողը: Ոչ մեկից, ոչ մյուսից մենք այլ դիրքորոշում չենք լսել: Երբ որ մշակվի, ավարտվի էսքիզային նախագիծը, պայմանավորվածություն կա, որ լայն հանրային իրազեկում կլինի»,- նշեց նա՝ ավելացնելով որ անհանգստություն չունի, թե ծածուկ որևէ բան կարվի: Իսկ տպարանի շենքի պայթեցման թեմային անդրադառնալով այն անհասկանալի համարեց, քանի որ՝ «Ինչքան տեղյակ եմ՝ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում քննարկել էին, մասնագետներն ասել էին, որ այդ հատվածը կարող են վերափոխել: Ինչ նպատակ կար պայթեցնելու՝ չգիտեմ»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությունը, թե՝ 100 տարեկան բոլոր շինությունները, անխտիր պետք է ճանաչել պատմամշակութային հուշարձաններ, Նարեկ Սարգսյանն ասաց. «Դա նախարարի մոտեցումն է որպես իրենց քաղաքականության արտահայտություն: Կասկած չունեմ, երբ սկսվեն քննարկումները, միանշանակ չի լինի այդ հարցի լուծումը: Չի կարող 100 տարեկան ցանկացած շինություն մնալ: Յուրաքանչյուր շինության խնդիրը լուծվում է՝ ելնելով նրա պատմական, ճարտարապետական, շինարարական արժեքից, տվյալ միջավայրում իր դիրքից ու տեղից: Պատմական շերտերի պահպանումը յուրաքանչյուր քաղաքի հարստությունն է, բայց օրենքը մշակելիս, վստահ եմ, որ այն, այնուամենայնիվ, փոփոխությունների կենթարկվի»:
Նա տեղեկացրեց նաև, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ, մոտավորապես 100 միլիոն դոլարի շինարարություն դեռևս պետք է իրականացվի հարակից հատվածներում:
Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի խնդրին, նա նշեց, որ այդ հարցի վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը գրավոր ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը. «Օդանավակայանը բաղկացած է հինգ հիմնական էլեմենտից: Երեքը՝ փոքր կլոր հատված, մեծ կլոր հատված, աշտարակային հատված, բնորոշում են տվյալ շենքի արժեքը: Երկու մյուս հատվածները՝ կամրջակներ և պանդուս, ֆունկցիոնալ էլեմենտներ են, կարող են փոխվել, վերակառուցվել, քանդվել: Այսինքն՝ ցանկացած ձևով կարող են այդ երկու հատվածի հետ վարվել: Վստահ եմ, որ կպահպանվի «Զվարթնոց» օդանավակայանը»:
Հայաստանը միայն Երևանը չէ, և ներդրումային ծրագրեր կան նաև Երևանից դուրս: Մասնավորապես, նրա խոսքով, արաբական ներդրողների հետ բանակցություններ են տարվում Ջերմուկ քաղաքում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ, որն ըստ նրա՝ կապված են Հայաստանի նախագահի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի հետ:
Ն. Սարգսյանի խոսքով՝ ներդրումային ծրագրեր կան նաև Գյումրիի որոշակի հատված լուրջ տուրիստական կենտրոնի վերածելու վերաբերյալ, աշխատանքներ են տարվում նաև Ախթալայում միջազգային գյուղ ստեղծելու ուղղությամբ: