Արձագանքում ենք <<Փաստ>> օրաթերթի հրապարակմանը
<<Փաստ>> օրաթերթը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի եկամուտների հայտարարագիրը ուսումնասիրելով, դեկտեմբերի 2-ի թերթի 4-րդ էջում <<Նարեկ Սարգսյանը վիճակախաղով միլիոնից ավելի գումար է շահել>> վերնագրի մեջ չփաստարկված տեղեկատվություն է փոխանցել ընթերցողին:
Մեջբերումներ կատարելով հայտարարագրից, այն է՝ Նարեկ Սարգսյանի եկամուտները հունվարի 1–ից մինչև հոկտեմբերի 17–ն ընկած ժամանակահատվածում կազմել են 10 միլիոն 210 հազար դրամ, որից 8 միլիոն 540 հազարը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 670 հազար դրամը (հայտարարագրում՝ 1 մլն 667 հազար դրամ) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումներից ստացված գումարն է (կետ 7.4), իրազեկ աղբյուրից փաստերը ճշտելու փոխարեն, ինչը պահանջում է տարրական էթիկան, թերթի լրագրողն իր ոչ ստույգ եզրակացությունն է դարձրել հրապարակման վերնագիր:
Տեղեկացնենք, որ 1 մլն 667 հազար դրամը 2015 թվականին ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական վարչական նոր համալիրի համար պետական մրցանակի արժանացած ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պետմրցանակով սահմանված գումարն է, որը 2016 թվականի սկզբին ստանալով (անդորրագիրը պահպանվում է) նույն օրն էլ նա ամբողջությամբ որպես նվիրատվություն փոխանցել է Գյումրիի «Շիրակ» կենտրոն Հ/Կ-ին՝ որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի: