Գիրք-ալբոմ` նվիրված Ադամին և արցախյան պատերազմում զոհված ճարտարապետներին
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի առաջարկով առաջիկայում կտպագրվի արցախյան պատերազմում զոհված ճարտարապետներին և նրանց ստեղծագործություններին նվիրված գիրք-ալբոմ: Այդ մասին այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ բարձրաձայնել է Ն. Սարգսյանը:
Անդրադառնալով առաջին կուրսի ուսանող Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքներին, նա նշել է. <<Ակնհայտ երևում է, որ շատ շնորհալի և տաղանդավոր երիտասարդ է եղել Ադամը և մենք կորցրել ենք ապագայի համար շատ լավ ճարտարապետի: Նայում եմ իր աշխատանքները, գծանկարները, կոմպոզիցիոն աշխատանքները, տարածական պատկերացումները, գծի նկատմամբ իր զգացմունքները և այն ինչ որ նրա դեմքին ակնհայտ երևում էր` ստեղծագործ, մտավորական, գեղեցիկ, նվիրված, այդ ամեն ինչը արտահայտվում է այսօրվա ցուցահանդեսում>>: