ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.09.2016

Պարգևներ անկախության 25-ամյակի առթիվ՝ քաղաքաշինության բնագավառում ավանդի համար

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանի հրամանով ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:

Նախարարությունում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ, որին մասնակցել են նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, շինարարների միության նախագահը` հանձնվել են պարգևները, որին արժանացել են Լևոն Քալանթարյանը, Պապիկ Հարությունյանը, Աշոտ Հովեյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Սերոժ Սուքիասյանը:


Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ, շինարար Վլադիմիր Մարգարյանը սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով, որը նրան հանձնեց Նարեկ Սարգսյանը:


Շնորհավորելով պարգևատրվողներին և ներկաներին նախարարի պաշտոնակատարը նշեց,- «Փաստ է, որ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառը անցած քառորդ դարի ընթացքում լուրջ առաջընթաց է ապրել: Անցած շրջանում մենք ունեցանք նոր, ուշագրավ մտահղացումների իրականացում. կառուցվեցին ու վերակառուցվեցին ճանապարհներ, դպրոցներ, մշակութային օջախներ, պողոտաներ, կամուրջներ: Բնականաբար, այս գործընթացին իրենց կարևոր դերն ու մասնակցությունն ունեցան հեռու և մոտ սփյուռքյան գաղթօջախներում բնակվող մեր տասնյակ  հայրենակիցները, որոնք ոչ միայն եկան իրենց մասնակցությունն ունենալու և շենացնելու հայրենիքը, այլև մնացին ու ապրեցին անկախ Հայաստանում: 

Ոչ միայն սեյսմիկ անվտանգության, այլև ճարտարապետական ստեղծագործական մտքի սահմաններն ընդլայնելու տեսակետից երրորդ հանրապետության տարիներին արձանագրված լուրջ առաջընթաց եղավ շինարարության մեջ նոր տեխնոլոգիաների և նյութերի կիրառումը: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև տեղական շինարարական նյութերի արտադրությունն ու զարգացումը:

Անկախության 25-ամյակի առթիվ քաղաքաշինության բնագավառում ավանդի համար պարգևատրվող կառուցապատողներն ու շինարարները հենց այն մարդիկ են, որոնք անկախ Հայաստանի կառուցման մեջ մեծ ավանդ ունեցող առաջինների թվում էին»:

Շնորհավորելով Վլադիմիր Մարգարյանին նախարարը նշեց, որ նա մեծ ավանդ ունի շինարարության ոլորտի զարգացման ու կայացման գործում: Բնագավառի «պատրիարք»՝ այսպես բնորոշեց ՀՀ նախագահի պարգևին արժանացած վաստակավոր շինարարին Ն. Սարգսյանը՝ ստեղծագործական նոր վերելքներ մաղթելով: «Մեր նախարարությունը շինարարաների միության հետ համատեղ է ներկայացրել Վլադիմիր Մարգարյանին նախագահի պարգևին, նա մեր ոլորտի պատրիարքն է. մարդը պետք է այդպես ապրի իր տարիները, որ ավելի երիտասարդները հպարտանան իրենով»:

Ն. Սարգսյանը շնորհավորեց քաղաքաշինության բնագավառում ոսկե մեդալի արժանացած բոլոր շինարարներին, ընդգծելով և կարևորելով նրանց վաստակը: Խոսելով մեր իրականության մեջ շինարարների դերի և գնահատանքի մասին, նա անդրադարձավ նաև «Վաստակավոր շինարարի կոչման» վերականգնմանը, որն, ըստ էության,  քաղաքաշինության նախարարության անցած երկու տարիների համառ ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ:

Առանձնաբար անդրադառնալով Սերոժ Սուքիասյանի գործունեությանը, նա նշեց, որ իրանահայ ներդրողին ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արժանացրել է բարձր գնահատանքի, քանի որ նա արդեն 15 տարուց ավելի Իրանից տեղափոխվելով և բնակվելով Հայաստանում, գործունեություն է ծավալում ոչ միայն որպես ներդրող, այլև՝ որպես քաղաքաշինարար` օրինակելի մոտեցում ցուցաբերելով և նոր որակ ապահովելով նաև համատիրությունների կազմակերպման մշակույթում: