Հստակեցվում է Հայաստան-Ճապոնիա համագործակցության շրջանակը
Օգոստոսի 18-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը կայացած ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների՝ նախարարի խորհրդական՝ Արմեն Մինասյանի, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հանդիպումը բավական արդյունավետ էր և խոստումնալից:
Հանդիպումը միտում ուներ հստակեցնելու քաղաքաշինության բնագավառում Հայաստան-Ճապոնիա համագործակցության շրջանակը՝ նախանշելով կոնկրետ ուղղությունները և թեմաները: Այն է՝ սեյսմակայուն շինարարություն, նոր տեխնոլոգիաներ և շինանյութեր, շենքերի ջերմամեկուսացման արդյունավետ համակարգեր, խելացի և կանաչ քաղաքներ և այլն:
Ինչպես նաև՝ ճարտարապետության բնագավառում՝ հայ և ճապոնացի ճարտարապետների փորձի փոխանակում, Հայաստանում՝ ճապոնացի հայտնի ճարտարապետների վարպետության դասեր, թեմատիկ ցուցահանդեսների անցկացում, ճարտարապետական հանդեսների փոխանակում և այլն:
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվեց հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը քաղաքաշինության բնագավառում:
