Կայացավ պետծառայողների բնակարանների վիճակահանությունը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:
Բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 175-ն է. արդեն իսկ կայացած վիճակահանությանը մասնակցում էին նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ 453 պետական ծառայողներ: Ի դեպ բոլոր բնակարանները գտել են իրենց սեփականատերերին:
Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով:
Հիշեցնենք, Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականի դեկտեմբերին: