Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացնելով 2015թ. բյուջեի կատարողականը, անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացված մի շարք ծրագրերի և հայեցակարգային մոտեցումների, որոնք նպատակ ունեն բարձրացնել ծախսերի արդյունավետությունը:
Այս համատեքստում նա կարևորել է նախագծերի վերաբերյալ մասնագիտական փորձաքննությունների անցկացումը` 2015-ին ստեղծված քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի միջոցով: <<Բոլոր ոլորտներում առկա էր պետական փորձաքննություն, բացի քաղաքաշինության ոլորտից. այդ խնդրի լուծումը այսօր կբերի նրան, որ բարձր և միջին ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտները կանցնեն լուրջ փորձաքննություն>>:
Նախարար Սարգսյանը կարևորել է նաև նոր տեխնոլոգիաների կիրառման անհարժեշտությունը, նշելով, որ արևային էներգիայի մարտկոցների օգտագործմամբ շահագործման ծախսերի մեջ հնարավոր է ունենալ հսկայական տնտեսումներ, նշելով, որ այս առումով արդեն իսկ փոփոխություններ են նախատեսվել մի քանի մարզադպրոցների նախագծերում:
Գերատեսչության պատասխանատուն անդրադարձել է նաև մրցութային գործընթացում տեղ գտած փոփոխություններին՝ 2014 թվականի կեսից արդեն քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է մրցույթների ապակենտրոնացման քաղաքականություն՝ մարզպետարանների ակտիվացման և տեղական շինարարական կազմակերպություններին ներգրավելով գործընթացի մեջ:
<<Արդյունքում` 2013 թվականին նախարարությունում իրականցվել են մրցույթների 86%-ը, իսկ մրցույթների ապակենտրոնացումից հետո` 2014-ին` 67%, 2015-ին` 55% իսկ 2016–ին` 49%>>:
Անդրադանալով շինարարության ավարտման փուլին, Սարգսյանը նշել է, որ դրանց տևողությունն ըստ նախարարության մշակած ռազմավարության, պետք է ավարտվի երկու, բացառիկ դեպքերում` 3 տարում և այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են կոնկրետ աշխատանքներ: Նախատեսվում է 2016 թվականին ավարտվող օբյեկտների քանակը հասցնել մինչև 63%, այն դեպքում երբ 2015-ին այն կազմել է մոտ 50%, իսկ 2014-ին` 38%:
Ավարտելով խոսքը, Ն. Սարգսյանը շեշտել է հանրապետության ողջ տարածքում նախարարության կողմից իրականացված գույքագրման ծրագրի կարևորությունը (այն առանց բյուջետային հատկացումների արդեն իրականացվել է), որը հնարավորություն է ընձեռելու ներդրումային փաթեթների ձևավորման միջոցով, խթանել շինարարության տեմպերը Հայաստանում:
