ՀՀ վարչապետը ողջունել է քաղաքաշինության նախարարության մոտեցումը
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին:
ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնել պարզեցված ընթացակարգով: Բացի այդ, առաջարկվում է, որ մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից:
