ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ցավակցում է
Հունիսի 23-ին 64 տարեկան հասակում մահացել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լևոն Նորայրի Քոսյանը:
Լևոն Քոսյանը ծնվել է 1951թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: 1981 թ. ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ստացել է շինարար-հիդրոտեխնիկի որակավորում: 1970-72թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Լինելով առաջնակարգ շինարար-հիդրոտեխնիկ` ողջ կյանքի ընթացքում բեղմնավոր գործունեություն է ծավալել՝ իր պարտաճանաչ և հավասարակշիռ կեցվածքով վարակելով գործընկերներին:
Երկար տարիներ նա աշխատել է Երևանի կոմպրեսորների գործարանում, Աշտարակի և Շահումյանի շրջանի ոռոգման համակարգում՝ որպես ինժեներ, այնուհետ աշխատանքի է անցել Սևան-Հրազդան ջրամբարների և Արփա-Սևան թունելի շահագործման վարչությունում որպես ավագ ինժեներ, զբաղեցնելով արտադրատեխնիկական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Աշխատել է մակերևութային և ստորգետնյա ջրային ռեսուրսների վարչությունում նախ՝ որպես ավագ տեսուչ, ապա՝ բաժնի պետ:
Լ. Քոսյանը 2003 թվականից ՀՀ քաղաքաշինության նախարարությունում իր գործունեությունը սկսել է որպես աշխատակազմի գիտատեխնիկական քաղաքականության վարչության տարածքների և կառուցվածքների ինժեներական հետազննության և պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2005 թվականից զբաղեցրել է նույն վարչության սեյսմակայուն շինարարության և գիտատեխնիկական աշխատանքների բաժնի պետի պաշտոնը:
2009 թվականից մինչ այսօր նա զբաղեցնում էր նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետի պաշտոնը:
Քաղաքաշինության նախարարության ողջ աշխատակազմը սգում է ոլորտի պրոֆեսիոնալ, ազնիվ և անկաշառ գործընկերոջ մահը, ցավակցում Լևոն Քոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
