ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.06.2015

Նոր հրապարակ՝ Երևանում

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը. <<Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է>>: Նախարարի ներկայացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման և տարածքի կառուցապատման համատեքստում շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգը, ներդրումային փաթեթը:

Ներկայացնելով 33 թաղամասի կառուցապատման ծրագիրն ու հայեցակարգը,  քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հորդորել է ներդրողներին՝ մասնակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը:

Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախևառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող՝ ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի՝ Հարավային պողոտային (ներկայիս Տիգրան Մեծի փողոց) հարակից 5 հեկտարից ավելի տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է բավական մեծ (85 մ տրամագծով), կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն, իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:
Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:

Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Ի դեպ, կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի վերնիսաժի հետ և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: 
Ավելացնենք, որ կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր: Ներկայացված ճարտարապետական և քաղաքաշինական լուծումները և հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովի կողմից և հավանության արժանացել, եղել են մի քանի առաջարկություններ, որոնք կառուցապատման ընթացքում հաշվի կառնվեն:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ ՀՀ կառավարության համակարգման ներքո: Ինժեներական կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլէներգիա, կիրականացվեն համապատասխան ընկերությունների կողմից, բարեկարգման լուսավորության, ասֆալտապատման խնդիրը ևս չի ծանրանա ներդրողի ուսերին:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: