Աղետի գոտու բնակապահովումից՝ սոցիալական բնակարանաշինություն
Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Գյումրի կատարելիք արտագնա այցին և մարզպետարանում տեղի ունենալիք խորհրդակցությանը՝ որի ընթացքում կքննարկվեն աղետի գոտու հիմնահարցերը՝ Գյումրի քաղաքի, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերի բնակապահովման ծրագրերը:
Նախարարը կարևորել է նաև առաջիկայում 33 թաղամասի (Ֆիրդուսի շուկայի հատված) ծրագրի վերաբերյալ ներդրողների հետ կայանալիք հանդիպումը, որը միտված է իրացման այս հատվածում գործընթացի կանոնակարգմանը: Հունիս ամսվա ընթացքում իրականացվելիք մարզային այցերի համատեքստում քաղաքաշինության նախարարն անդրադարեել է Լոռի կատարելիք այցին և Ջերմուկի ձորի բարեկարգման ծրագրին:
Կարևորելով քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի շրջանակում ձևավորվող գեղարվեստի, ճարտարապետության և կոնստրուկտորական հանձնաժողովների դերն ու նշանակությունը, նախարար Սարգսյանը հանձնարարել է աշխատակազմի ղեկավարին արագացնել իրավական հարթության մեջ նշված մարմինները ձևավորելու գործընթացը:
Խորհրդակցության ժամանակ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությունների քննարկմանը:
