Ջերմուկում բացվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած HYATT PLACE հյուրանոցը
Մայիսի 29-ին Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Ջերմուկի նորակառույց «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախանշված` «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2008թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշման շրջանակներում մշակվել էր Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը, որի հիմնական նպատակն է Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային պահանջներին համապատասխան առողջ և ակտիվ կենսակերպի, պատմամշակութային զբոսաշրջային կենտրոն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմամբ ամրագրված դրույթները, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական խորհրդում 2009 թվականին քննարկվել և հավանություն է տրվել «Օլիմպիա» առողջարանի և «Արմենիա» հյուրանոցի միջև ընկած տարածքում SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերին (նախագծի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան):
«Հայաթ Փլեյս» հյուրանոցային համալիրի կառուցումը (կառուցապատող՝ «Ջերսան» ՍՊԸ, շինարարական կազմակերպություն՝ «Հորիզոն-95» ՍՊԸ) սկսվել է 2009 թվականին, ավարտվել 2015-ին: Այն բաղկացած է կենտրոնական և երկու՝ հարավային և հյուսիսային մասնաշենքերից: Շինությանը հարող շուրջ 1 հա մակերեսով տարածքը բարեկարգվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության անմիջական վերահսկողությամբ՝ ծառայելով որպես հանրային օգտագործման կանաչ գոտի: Հյուրանոցային համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 12.0 հազ. քմ: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.5 մլրդ դրամ: Համալիրի կազմում նախատեսված են ժամանցի և հանգստի գոտի, SPA կենտրոն և ջրաբուժարան` Ջերմուկի հանքային ջրով բուժական լոգարաններով, մարզադահլիճ, լողավազան և շոգեբաղնիք, մանկական սենյակ, բիզնես-կենտրոն, ռեստորան, կոնֆերանս դահլիճներ:
Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը Եվրոպա տարածաշրջանում բացված թվով 3-րդ հյուրանոցն է: Շենքն իրականացվել է միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, արտաքին հարդարանքում օգտագործվել է վարդագույն սրբատաշ տուֆ և բազալտ: Համալիրը հագեցած է օդափոխության, օդի լավորակման, ջեռուցման, էլեկտրասնուցման, ինչպես նաև՝ հեռահաղորդակցման, անվտանգության և ավտոմատ հրդեհաշիջման բարձրորակ ժամանակակից համակարգով: Համալիրն ունի սեփական կաթսայատուն և տրանսֆորմատորային ենթակայան: Հյուրանոցային համալիրն իր ծավալատարածական և ճարտարապետական լուծումներով և համաչափություններով ներդաշնակ է շրջակա գեղատեսիլ միջավայրի հետ և չի խաթարում տարածքային հավասարակշռությունը: Համալիրին հատուկ գրավչություն է հաղորդում տարածքում գոյություն ունեցող «Պրիստավի լճակը», որի պատմական նշանակությունն առավել շեշտելու նպատակով՝ լճակին հարող տարածքը սալապատվել և բարեկարգվել է: Պատկերն ամբողջանում է սալապատված հարթակի վրա տեղադրված նորակառույց ռոտոնդայով (սյունազարդ շինությամբ):
«Եզակի երևույթ է ՀՀ մարզերում միջազգային ճանաչում ունեցող բրենդի առկայությունը, ուստի «Հայաթ» հյուրանոցային համալիրը կամբողջացնի Ջերմուկի քաղաքային ձևավորումը՝ քաղաքը համալրելով խիստ կարևոր սպասարկման բնույթի նոր ենթակառուցվածքով: Համալիրը դառնալով ոչ միայն հայաստանցի զբոսաշրջիկների սիրելի վայր, այլև զբոսաշրջային արտաքին շուկայի կողմից նորովի բացահայտված շատ գրավիչ քաղաք-առողջարան, միաժամանակ կնպաստի համաչափ տարածքային զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-նշել է ՀՀ քաղաքաշինության նախարարը Ջերմուկի հյուրանոցի բացման ժամանակ:
