ՄԱԿ-ը պատրաստակամ է օժանդակել դպրոցների նախագծային ծրագրերի իրականացմանը
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել UNICEF ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների տիպային նախագծերի մշակման հարցերը:
Պարոն Ա. Ղուլարյանը խոսելով կառույցների տիպային նախագծերի մասին, նշել է, որ անհրաժեշտ է դպրոցների և նախադպրոցաական հաստատությունների համար տիպային նախագծեր մշակել: «Այս առումով տիպային նախագծերը հնարավորություն կընձեռեն սեյսմիկ նորմերին և էներգախնայողության չափանիշներին համապատասխան նախագծեր մշակել, միաժամանակ լինելով ավելի մատչելի: Քաղաքաշինության նախարարությունը արդեն իսկ կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է, որ ՀՀ-ում կառուցվող բոլոր կառույցների նախագծերում (հասարակական, բնակելի, դպրոցաշինական և այլն), որպես պարտադիր պահանջ ներառել էներգախնայողության և սեյսմակայունության նորմեր»,- նշել է պարոն Ղուլարյանը:
UNICEF ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Հենրիեթ Արենսը հավաստիացրել է, որ իրենք պատրաստակամ են օժանդակություն ու աջակցություն ցուցաբերել դպրոցների նախագծային ծրագրերի իրագործման և համակարգման հարցում:
Հանդիպման ավարտին փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց առաջիկա հանդիպման և քննարկման թեմաների վերաբերյալ:
