ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.11.2014

Բիենալեն՝ Հայաստանում ճարտարապետների գործերի ցուցադրման ամենակարևոր հարթակ

<<Պետք է հասնենք այն մակարդակին, որ բիենալեն Հայաստանում՝ ճարտարապետների շրջանում լինի ցուցադրման ամենակարևոր հարթակը: Կարևոր չի՝ դիպլոմները երկրորդ, երրորդ թե առաջին կարգի են, բոլորը հասկանում են, որ այդ կերպ արտահայտվել է հանձնաժողովի միասնական մոտեցումները : Շատ ավելի կարևոր է մարդկանց մասնակցությունը, կարևոր է, որ երևանյան բիենալե 2014-ը բազմաթիվ երկրներից մասնակիցներ ունեցավ, հստակորեն նախանշելով, որ հաջորդ բիենալեի աշխարհագրությունը առավել լայն է լինելու, պահանջներն ու պայմաններն՝ ավելի խիստ>>,- այսօր  ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցած <<Երևանյան ճարտարապետական բիենալե-2014>> մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական փակման արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Բիենալեի փակման արարողությանը հրավիրված էին և մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ճարտարապետների միության նախագահը, քաղաքաշինության նախարարի տեղակալները, մասնակիցներ, հյուրեր:
Երևանյան բիենալե-2014 մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին նշեց, որ նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամները բավականին բարդ աշխատանք են կատարել` տարբեր անվանակարգերում հաղթողներ ընտրելու համար.<<Աշխատանքները  քննարկվել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում, անհատական կերպով, ապա՝ ժյուրիի անդամների կարծիքների համադրման արդյունքում կայացվել է վերջնական որոշում>>:
 Ըստ անվանակարգերի՝ «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում», «Լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն)», «Երիտասարդ մասնակից (մինչև 35 տարեկան, այդ թվում` ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ)» նշելով 3-րդ, 2-րդ և 1-ին կարգի, հաղթողների անուները, տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ 1-ին կարգի մրցանակակիրներին շնորհվում է <Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>> ոսկե մեդալ, միաժամանակ հայտնելով, որ նշված անվանակարգերից և ոչ մեկում մրցույթի արդյունքում չեն գրանցվել բացարձակ հաղթողներ:
Ճարտարապետներին տարբեր անվանակարգերում մրցանակներ և մեդալներ շնորհվեցին նաև սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճարտարապետների միության կողմից:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շնորհավորելով մասնակիցներին բիենալե-2014-ի կայացման համար հույս հայտնեց, որ հաջորդ բիենալեն ավելի բազմազան կլինի. <<Հուսով եմ, որ հաջորդ ցուցահանդեսի ներկաապնակը կլինի ավելի գունեղ և մենք կկարողանանք մեր լավագույն աշխատանքները ցուցադրել միջազգային, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներում, որտեղ մշտապես սպասում են հայ հեղինակներին>>:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցելով նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը նշեց, որ նման միջոցառումները հայ ճարտարապետության կայացածության և նվաճումների ապացույցն են՝ նախարարության կողմից գնահատանքի արժանացած մի խումբ հայ ճարտարապետների հանձնելով սփյուռքի նախարարության անավանական <<Արշիլ Գորկի>> մեդալը և պատվոգրեր: Բիենալեի մասնակից ճարտարապետներին Երևանի քաղաքապետարանը ևս արժանացրել էր պարգևների, որոնք հանձնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը :
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ-ում գործող և ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնող <<Մոնարխ>> ընկերությանը՝ Երևանյան բիենալե-2014-ի իրականացմանը լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա վստահություն հայտնեց, որ 2 տարի անց հաջորդ բիենալեն բոլորովին այլ որակի ու մակարդակի կլինի, կունենանք վարպետաց դասեր, աշխարհում հայտնի ճարտարապետների  հանդիպումներ, առանձին ճարտարապետների գործերի ցուցադրություններ և այլն:
Այս համատեքստում նախարար Սարգսյանը կարևորեց  նաև Հայաստանում ճարտարապետական ներկայանալի թանգարան կառուցելու խնդիրը:
Միջոցառման ավարտին <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը բիենալեի բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց՝ տեղեկացնելով, որ առաջիկայում լույս կտեսնի կատալոգ, որում ներառված կլինեն ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները: