Քաղաքաշինության ներկայացուցիչը զեկույցով հանդես եկավ ՄԱԿ-ի ԵՏՀ նիստին
Օրերս Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԱԿ-ի ԵՏՀ) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ Նշան Մարտիրոսյանը մասնակցեց Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի ԵՏՀ բնակարանային տնտեսության և հողի կառավարման (այսուհետ՝ ԲՏՀԿ) կոմիտեի 75-րդ նստաշրջանի և ոչ պաշտոնական բանակցային նախնական նիստին:
Նիստին, որին ներկա են գտնվել 55 երկրների 200 ներկայացուցիչներ` քննարկվել է 2014-2020 թթ. ԵՏՀ տարածաշրջանում Կայուն բնակարանային տնտեսության և հողի կառավարման ռազմավարության իրականացման խնդիրները և ԵՏՀ տարածաշրջանում Կայուն բնակարանային տնտեսության խարտիայի նախագծի շրջանակը և նպատակները:
Զեկույցով հանդես եկած քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ Ն. Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացրած նոր ազգային նկարագրի կազմման խնդիրները:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են 2014-2015 թթ. աշխատանքային ծրագրի իրականացումը և ԲՏՀԿ բյուրոյի կողմից բնակարանային տնտեսության և հողերի կառավարման ոլորտներում իրականացված աշխատանքները, տարածաշրջանում կայուն բնակարանային տնտեսության և քաղաքաշինության, հողերի կառավարման, տարածական պլանավորման և անշարժ գույքի շուկայի կայունությանն առնչվող հարցեր:
ԲՏՀԿ կոմիտեի 75-րդ նիստի ընթացքում մասնակիցներին տրվել է տեղեկատվություն Հայաստանում, Ալբանիայում, Մոլդովայի Հանրապետությունում և Տաջիկստանում էներգաարդյունավետության և մատչելի բնակարանների վերաբերյալ ազգային վերապատրաստման աշխատաժողովների/սեմինարների նախապատրաստման կարգավիճակի մասին:
Տեղեկացնենք, որ Կոմիտեի քարտուղարությունը բարձրորակ վերապատրաստման դասընթաց և արդյունավետ քաղաքականության խորհրդատվություն ապահովելու համար, ստեղծել է շենքերի էներգաարդյունավետության ԵՏՀ ոչ պաշտոնական փորձագիտական ցանց, որի անդամները կհրավիրվեն մասնակցելու, որպես ՄԱԿ-ի ԵՏՀ աշխատաժողովների/սեմինարների հրահանգիչներ ինչպես նաև կոմիտեի էներգաարդյունավետության քաղաքականության փաստաթղթերի հեղինակներ:
Ներկայացվել են անցումային շրջանում գտնվող երկրներում բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետության բարձրացման, քաղաքների կայուն զարգացման՝ բնակչության ծերացման և մատչելիության ապահովման, հողօգտագործման և հողերի կառավարման վերաբերյալ զեկույցներ:
Քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանում, Ալբանիայում, Ղրղզստանում 2014-2016 թվականների ընթացքում անցկացնել ազգային և միջազգային աշխատանքային սեմինարներ:
